Հնարավոր է՝ ցուցարարները Բաղրամյան պողոտայում մնան մինչև օգոստոսի 1-ը
«Ցուցարարների կողմից առաջ քաշված պահանջը՝ չեղարկել ՀԾԿՀ-ի որոշումը, իրավաչափ է, իսկ Սերժ Սարգսյանի առաջարկը իրավաչափ չէ, ու եթե նկատել եք՝ առ այսօր այն բանավոր խոսքը, որը ներկայացրել է Ս. Սարգսյանը, չի դարձել իրավական ակտ, համապատասխան հրամանագիր արձակված չէ, քանի որ չի էլ կարող արձակվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Անդրիաս Ղուկասյանը:
Նա հայտարարեց, որ նախագահի առաջարկը անհնար է իրականացնել օրինական ճանապարհով, քանի որ ՀԾԿՀ-ն չի կարող որևէ մասնավոր աուդիտորական ընկերությանը պատվիրել Ս. Սարգսյանի նշած աուդիտը, քանի որ դա կնշանակի, որ պետական մարմինը իրեն լիազորված գործառույթը պատվիրում է մասնավոր ընկերությանը: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի այդ պայմանը, որ՝ եթե աուդիտի արդյունքում պարզվի, որ թանկացումը սխալ կառավարման արդյունք է, ապա սակագնի վերանայում կլինի, դրանք ուղղակի խոսքեր են, որոնք իրավական դաշտում իրականացվել չեն կարող:
Անդրադառնալով Ոտիկանության տարածած երեկվա հայտարարությանը՝ Ա. Ղուկասյանը նշեց, որ ցուցարարների համար իրակացնող շուրջօրյա հավաքի տրամաբանական ավարտի օրը համարվում է օգոստոսի 1-ը, որովհետև այդ ժամանակ պետք է ուժի մեջ մտնի բողոքարկվող որոշումը. «Դրանց հետո կարող են դատարան դիմել՝ չեղարկելու համար: Հավաքի ավարտի ողջամիտ օրը կարելի է պնդել, որ օգոստոսի 1-ն է, եթե մինչև այդ որոշումը չեղյալ չհամարվի»:
Խոսելով ոստիկանության այն հորդորների մասին, որ ցուցարարները հետևեն «Հավաքների ազատության մասին» օրենքին և որ բանակցեն իրենց հետ՝ հավաքի նոր վայրը որոշելու համար, Ա. Ղուկասյանը նշեց, որ ոստիկանությունը 2 կետերում էլ դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից:
Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն՝ հնարավո՞ր է՝ մարդիկ տուն չգնան Բաղրամյան պողոտայից մինչև օգոստոսի 1-ը, Ա. Ղուկասյանն այսպես պատասխանեց. «Իրավական առումով՝ այո, որովեհտև մինչև օգոստոսի 1-ը ՀՀ քաղաքացիները որևէ այլ միջոց չունեն իրենց դժգոհությունը, անահամաձայնութնունը հայտնելու՝ այդ որոշման հետ կապված»: