ՊՆ փոխնախարարը պնդում է՝ ռուսական վարկից որևէ ցենտ կամ լումա չի կարող օգտագործվել էլեկտրաէներգիայի գների փոխհատուցման համար
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՌԴ կառավարության կողմից ՀՀ-ին հատկացվող 200 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի քննակման ժամանակ ՀԱԿ խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ տարածված տեղեկությունների համաձայն, վարկի մի մասն օգտագորվելու է էլեկտրաէներգիայի գների փոխհատուցման համար, դա է վկայում նաև ՀՀ նախագահի հայտարարությունը, որ կառավարությունն իր վրա կվերցնի հոսանքի թանկացման բեռը և գումարներ կունենանք հետագա անվտանգության համար նախատեսվող միջոցներից:
«Այս տեղեկությունը հավաստի է դարձնում նաև այն, որ այս համաձայնագիրը կնքվել է հունիսի 26-ին, երբ բողոքի ցույցերը գագաթնակետին էին հասել»,- ասաց Լ.Զուրաբյանը՝ հարցադրում անելով, թե արդյոք վարկային պայմանները հնարավորություն տալի՞ս են ՀՀ կառավարությանն օգտագործել այս վարկից որևէ միջոց այդ ծրագիրն իրականացնելու համար:
«Որևիցե ցենտ կամ որևիցե լումա չի կարող ուղղվել այն նպատակի համար, որ Դուք նշեցիք»,- հայտարարեց ՀՀ ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը:
Ըստ նրա՝ համաձայնագրի առաջին հոդվածով էլ սահմանված է, որ 200 մլն դոլարի պետական արտահանման վարկը ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրության արտահանման համար է, այսինքն՝ միայն կարող է ձեռք բերվել ռազմական արտադրանք, որը նշված է համաձայնագրում և զինատեսակները թվարկված են հավելվածում:
«ՊՆ բյուջեով նախատեսված որևիցե լումա չի կարող գնալ այն նպատակի համար, որ Դուք նշեցիք: Ե՛վ դաշտը, և՛ ընդհանուր մարտահրավերները մեզ նման հնարավորություն չեն կարող ընձեռել»,- հատարարեց փոխնախարարը:
Լ.Զուրաբյանը հակադարձեց, թե ամեն դեպքում չեն կարող վստահել այս իշխանությանը և հետաքրքրվեց, թե ի՞նչ մեխանիզմ կա, որ հանրային վերահսկողություն իրականացվի:
Փոխնախարարը կրկին հղում արեց համաձայնագրի հոդված 1-ին. «Դուք հարց տվեցիք, ես պատասխանեցի անկեղծ, չեք հավատում, դա ձեր գործն է, ինչ ասեմ»: