«Սերժ Սարգսյանը բոլորովին այլ որակով է իրեն դրսևորում». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համար առանձնահատուկ է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող ցույցերի տևականությունը, հետևողականությունը և նոր իրավիճակի ստեղծումը: Ըստ նրա՝ անկախությունից հետո մենք առաջին անգամ ականատես եղանք այն բանին, որ իշխանությունները բռնություն չեն կիրառում:

«Բռնություն առաջին անգամ կիրառել է առաջին նախագահը, հետո՝ երկրորդ նախագահը, նրանց հետ է եղել նաև Սերժ Սարգսյանը, բայց հիմա մենք տեսնում ենք, որ նա բոլորովին այլ որակով է իրեն դրսևորում, եթե չհաշվենք առաջին օրվա կատարվածը: Դրանից հետո մենք տեսնում ենք, որ նույնիսկ արևմտյան պետությունների համեմատ բացառիկ հանդուրժողականություն է ցուցաբերվում»,- ասաց ԱԻՄ առաջնորդը՝ ընդգծելով, որ սա դրական է, բայց, իրենց հայտնի տվյալներով՝ սա արևմուտքի բուռն ճնշման արդյունքն է:

Պ. Հայրիկյանի խոսքով՝ եթե հիմա իշխանություններն իրենք իրենց հավատարիմ մնան, ապա այս միջոցառումները ևս որոշ ժամանակ կշարունակվեն և կհասնեն որոշակի մակարդակի և «բոլորս ականատես կլինենք հանրության քաղաքագիտական հարստացման նոր դրսևորումներին»:

168.am-ի հարցին՝ համաձայն չե՞ք հնչող գնահատականների հետ, որ իշխանությունները Բաղրամյան պողոտայում նման հանդուրժողականութուն են ցուցաբերում, քանի որ օգտագործեցին շարժումը՝ Ռուսաստանի հետ բանակցություններում, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց, որ եթե այդպես լիներ՝ առաջին օրն էլ բռնություն չէին կիրառի: Նրա խոսքով՝ հետագայում կարող են դա այդ նպատակով օգտագործել:

Տեսանյութեր

Լրահոս