Ջոնի Դեփը վաճառում է իր ֆրանսիական բնակատեղին
Ջոնի Դեփը վաճառքի է հանել իր ֆրանսիական բնակատեղին, որը դերասանը ձեռք էր բերել հայտնի երգչուհի Վանեսա Պարադիի հետ համատեղ կյանքի ընթացքում: Այս մասին հաղորդում է Variety պարբերականը:
Plan-de-la-Tour բնակատեղին գտնվում է հայտնի հանգստյան գոտի Սեն Տրոպեի մոտակայքում: Այն մի ամբողջ գյուղ է, որտեղ կան 19-րդ դարում կառուցված շինություններ: Գումարի չափը, որով դերասանը 2001թ. ձեռք է բերել բնակատեղին, հայտնի չէ, բայց հայտնի է, որ նա մոտ 10 մլն դոլար է ծախսել տարածքի վերանորոգման, ժամանակակից տեխնիկայով հագեցնելու համար:
Տարածքում կան տասնյակից ավելի հին շինություններ, այդ թվում՝ հին եկեղեցի, որը վերածվել է հյուրատան, ինչպես նաև՝ 2 լողավազան: Մի քանի շինությունների ինտերիերով զբաղվել է հենց Ջոնի Դեփը:
Բնակատեղին կվաճառվի 25 միլիոն դոլարով: Ուշագրավ է, որ ամբողջ շինությունները վաճառվելու են կահույքի, գրքերի, նկարների հավաքածուի (որոնք բոլորը հավաքել է հենց Ջոնի Դեփը) հետ միասին:
Հիշեցնենք, որ Ջոնի Դեփն ու Վանեսա Պարադին քաղաքացիական ամուսնությամբ ապրել են 13 տարի: Նրանց ամուսնալուծության պատճառն այդպես էլ հայտնի չդարձավ, բայց, ամենայն հավանականությամբ, պատճառը Դեփի և Ամբեր Հերդի սիրավեպն էր: 2015թ. նրանք ամուսնացան:
Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը