Հնդկաստանում ամբոխը դպրոցի տնօրենին Լինչի դատաստանի է ենթարկել
Հնդկաստանի Բիխար նահանգի Նիրպուր գյուղում զայրացած ամբոխը մահացու ծեծի է ենթարկել տեղի դպրոցի տնօրենին այն բանից հետո, երբ ջրատարի ափին հայտնաբերվել են դպրոցի երկու աշակերտների մարմինները:
Գյուղացիներին հունից հանել է այն, որ տղաները, ամենայն հավանականությամբ, զոհվել են ուսումնական հաստատությունից ոչ հեռու:
Երեխաները եղել են 7 ու 8 տարեկան, հայտնել է ոստիկանությունը: Նախնական տեղեկություններով՝ տղաները փախել են դասից: Նրանք սայթաքել են ու ընկել ջրատարը:
Դպրոցի տնօրեն Դևանդրա Պրասադը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում, տեղեկացնում է The Hindustan Times-ը:
Մինչ տնօրենի հետ հաշվեհարդար տեսնելը գյուղացիները այրել էին երկու դասասենյակ ու մեկ ավտոմեքենա: