Հրազենային վիրավորում ստացած կնոջ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկայումս գտնվում է վիրասրահում
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ տուժած կինն անմիջապես տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ կատարվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, այդ թվում լաբորատոր, գործիքային, համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություններ:
«Հայտնաբերվել են բազմաթիվ, գնդակային, բեկորային վիրավորումներ ուսահոդի, պարանոցի, ծոծրակային շրջանում: Հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարաբերական կայուն, ներկայումս գտնվում է վիրասրահում»,- մանրամասնեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանը:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, մասնագիտական խմբի հետ այս պահին գտնվում են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: