«Բաղրամյան պողոտայում ուրիշ պրոցես էր գնում, իսկ «որոշ մարդիկ» ուզում են տանել ինչ-որ «օրանժ» գույներով պրոցես». Կարեն Վարդանյան
«Այստեղ կան տղաներ, որոնք առաջին քայլերն են անում իրենց՝ շահերը պաշտպանելու մեջ, որոնք նախաձեռնել են այդ շարժումը, և կան մարդիկ, ովքեր օգտվում են այդ ամենից»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով Բաղրամյան պողոտայում ստեղծված լարված իրավիճակի մասին՝ նման տեսակետ հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Կարեն Վարդանյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Ո՛չ թալանին» նախաձեռնող խմբի անդամները կոչ արեցին Բաղրամյան պողոտայի ցուցարարներին տեղափոխվել Ազատության հրապարակ և բողոքի ակցիան ու նստացույցը շարունակել այնտեղ, սակայն մարդկանց մի մասը հրաժարվեցին գնալ նախաձեռնողների հետ, ու հիմա Բաղրամյան պողոտայում մնացած մարդկանց գլխավորում են բոլորովին այլ լիդերներ:
Մյուս կողմից, ոստիկանությունը զգուշացնում է նրանց լքել Բաղրամյան պողոտան, այլապես նրանք ֆիզիկակակն ուժով կազատեն պողոտան մարդկանցից:
Կ. Վարդանյանի համոզմամբ՝ Բաղրամյան պողոտայում ուրիշ պրոցես էր գնում, իսկ «որոշ մարդիկ» ուզում են տանել ինչ-որ «օրանժ» գույներով պրոցես. «Կարծում եմ՝ ամեն ինչ շատ խայտաբղետ է ու այդպես էլ եղել է ու դա ամենաթույլ կողմն էր այդ միջոցառման, որովհետև բյուրեղացում չեղավ: Ես կարծում եմ, որ մարդիկ կան, որոնք դա միտումնավոր արեցին՝ տղաներին շեղելով, որ դուք՝ մեր փրկությունն եք, հերոսությունն եք և այլն»:
Մեր զրուցակիցը կարծում է՝ տղաները, որոնք նախաձեռնել էին այս պրոցեսը, ստացել են այն, ինչ ուզում էին ու այդ իմաստով կարող են՝ դուրս գալ այս ամենից: Ըստ նրա՝ նրանք պետք է հասկանան՝ ինչ կատարվեց, պետք է «աճեն»:
«Պետությունը Ռուսաստանի հետ բանակցություններում իրենց օգտագործել է որպես խաղաքարտ, իրենք այդ ամենը պետք է հասկանան, նաև պետք է հասկանան, որ եթե դու խնդիրը շատ լուրջ չես ուսումնասիրում, այդ խնդրի շուրջ չես կարող պայքարել: Իսկ այն սադրիչները, որոնք ասում են՝ շարունակենք, թող շարունակեն, ո՞վ է իրենց խանգարում: Թող գնան՝ կռվեն: Սա այդ նախաձեռնող տղաների առաջին փորձն է եղել պետության հետ շփվելու, ու նրանք դրանից հետո պետք է հասկանան, թե ինչն է եղել ճիշտ, ինչը սխալ, ինչպես անեն, որ խնդիր լուծեն, ոչ թե բույ-բույ անեն»,- ասաց Կ. Վարդանյանը:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ Դուք կարծում եք՝ նախաձեռնող խմբի տղաները եղել են գործի՞ք իշխանությունների ձեռքին՝ Ռուսաստանի հետ բանակացությունների ժամանակ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ դա, իհարկե, այդպես է եղել, բայց դա նախաձեռնող տղաների «մեղքը» չէ, նրանք չեն հասկացել դա: Հարցին՝ ինչքանո՞վ էր ճիշտ նախաձեռնող խմբի անդամների կողմից թողնել Բաղրամյան պողոտան ու գնալ Ազատության հրապարակ՝ այն դեպքում, երբ մարդկանց մեծ մասը կողմ էր մնալուն, և ինչքանո՞վ պատասխանատու կլիներ մնալ Բաղրամյան պողոտայում, Կ.Վարդանյանն այսպես պատասխանեց. «Մնալ-չմնալը կապ չունի: Ոչ ոք «բու» անելով իշխանություն չի փոխում, այդ պատրանքն անընդհատ մտցնում են, որպեսզի մարդկանց քաղաքական և քաղաքացիական մակարդակը չբարձրանա: Իշխանությունը բավարար ուժեղ է, որ «բու» անելուց չփախչի: Մտածել է պետք, ոչ թե «բու» անել»:
Հարցին էլ՝ այս պահի դրությամբ՝ ի՞նչ ուժեր եք տեսնում, որոնք փորձում են Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց գլխավորել, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Այդտեղ ուժեր չկան, այդտեղ սադրիչներ են: Ի՞նչ են արել այդ մարդիկ, ասենք՝ ի՞նչ է արել Րաֆֆի Հովհաննիսյանը, ի՞նչ է արել Հիմնադիր խորհրդարանը՝ իր Չուգասզյանով, կամ չգիտեմ՝ ինչով, կտեսնեք, որ դրանք դատարկ մարդիկ են, եթե նրանք դատարկ մարդիկ են, նրանց կոչն ի՞նչ արժեք կարող է ունենալ: Ոչ մի բան: Անգամ իրենց բռնելն իրենց ռեյտինգի բարձրացնելու միակ ձևն է»: