«Ինքներդ էլ տեսաք, թե ինչ կատարվեց Բաղրամյան պողոտայում. սադրեցին և փորձեցին քաղաքական լոզունգներով պահել ժողովրդին այնտեղ». Վաղինակ Շուշանյան

Ազատության հրապարակում այս պահին մի խումբ քաղաքացիներ կան հավաքված: Քիչ առաջ հավաքվածներին դիմեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը՝ նշելով, որ իր կարծիքով բոլորն էլ հասկանում են, թե ինչ վատ դրության մեջ է ինքը, քանի որ չի հասկանում` ճիշտ է արել, թե սխալ: «Ժողովուրդ, այն ժամանակ կհավատայի, որ ճիշտ եմ արել, երբ բոլորն այստեղ լինեին: Ուղղակի այս պահին մեծամասնությունը Բաղրամյան պողոտայում է գտնվում, բոլորն իմ եղբայրներն ու քույրերն են: Ես սա ինքնագլուխ չեմ արել: Ես ուղղակի չեմ ուզում, որ արյուն թափվի»,- ասաց նա` նշելով, որ եթե ցանկանում ես հարց լուծել, ապա պետք է ազատության մեջ լինես, իսկ «բերդում» չես կարող լուծել.

«Ծեծված, ջարդված, հիվանդանոցում ոչ մեկս չի կարողանալու պահանջել, որ հոսանքի գինն իջեցնեն»: Նա կոչ արեց Բաղրամյան պողոտայում գտնվող իր բոլոր ընկերներին խոհեմություն ունենալ և տեղափոխվել Ազատության հրապարակ, «քանի որ չեմ ուզում` իրենց գլխից մի մազ պակասի», դրա համար ինքն է իրեն մեղավոր զգալու:

Ազատության հրապարակում հավաքվածները վանկարկեցին «մենք ձեզ հետ ենք»: Վաղինակ Շուշանյանը կոչ արեց Ազատության հրապարակում հավաքվածներին ցանկացած միջոցով Բաղրամյան պողոտայում գտվող քաղաքացիներին հորդորել գալ Ազատության հրապարակ, քանի որ ոստիկանությունը խոստացել է ուժ կիրառել, ինչն իրենք չեն ցանկանում: «Մենք կոնֆլիկտներ չենք փնտրում: Մենք, ինչպես խաղաղ դուրս էինք եկել, այնպես խաղաղ էլ շարունակելու ենք: Սակայն ինքներդ էլ տեսաք, թե ինչ կատարվեց Բաղրամյան պողոտայում. սադրեցին և փորձեցին քաղաքական լոզունգներով պահել ժողովրդին այնտեղ: Մենք քաղաքական թեմայով չենք դուրս եկել, մենք ուղղակի ուզում ենք ապրել առանց  սոցիալական ծանր բեռի: Կոչ եմ անում սթափվել և վերադառնալ Ազատության հրապարակ: Պայքարը շարունակվելու է»,- ասաց նա` նշելով, որ մինչև վերջնաժամկետը մնալու են Ազատության հրապարակում:

Տեսանյութեր

Լրահոս