Նախարարությունն ընթացք է տվել ՌԴ-ում դատապարտված Սարգիս Ասատրյանին Հայաստան փոխանցելու գործընթացին

ՀՀ արդարադատության նախարարությունն ուսումնասիրել և ընթացք է տվել Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված ՀՀ քաղաքացի Սարգիս Ասատրյանին Հայաստան փոխանցելու գործընթացին: Այս մասին, ի պատասխան 168.am-ի հարցման՝ հայտնել են ՀՀ արդարադատության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ դեռևս 2013թ. Մոսկվայում ձերբակալվել էր Մոսկվայի հայ համայնքի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Ասատրյանը, ով ժամանակին «Հայաստանի երիտասարդական կուսակցության» նախագահն էր: Նրան ձերբակալել էին առանձնակի խոշոր չափերի թմրանյութ պահելու կասկածանքով: Սարգիս Ասատրյանի ընտանիքի անդամները ձերբակալությունից մեկ շաբաթ անց էին իմացել կատարվածի մասին, երբ տանը խուզարկություն էր իրականացվել, և նրա տանը նաև հսկայական քանակի թանկարժեք իրեր էին հայտնաբերվել: Ս. Ասատրյանը գտնվում է Մոսկվայի «Բուտիրսկայա» բանտում: Սարգիս Ասատրյանն իր նախկին փաստաբան Սերգեյ Կշնյայկինի միջոցով«168 Ժամին» տված հարցազրույցում ասել էր, որ պատրաստվում է դիմել ՀՀ Արդարադատության նախարարություն՝ իրեն Հայաստան տեղափոխելու խնդրանքով:

Իր ձերբակալության մասին նա նաև ասել էր. «Իմ դեմ հարուցված, այսպես ասած, քրեական գործը 100% շինծու է ու հորինված, կառուցված արագ ու փնթի գրված փոքրիկ հեքիաթներից, նույնիսկ կարծում եմ, որ Իրավաբանականի առաջին կուրսի ուսանողն ավելի համոզիչ կկազմեր այս շինծու գործը, քան կաշառված աննամուս մոսկովյան ուժայինները։ Իմ անձի նկատմամբ հետապնդման խեղկատակությունն ունի ընդամենը մեկ նպատակ` մեկուսացնել ինձ շատ լուրջ գործընթացներից, որոնց հիմքում գտնվում են մեծ գումարներ և լուրջ բիզնեսին տիրանալու հեռանկարներ։ Պատվիրատուներն այսօր մեծ ազդեցության տեր մարդիկ են դեռ, հետագայում, համոզված եմ, որ այդ ստահակներն օրենքի առաջ պատասխան են տալու, իսկ կատարողները մի խումբ բարձրաստիճան մոսկովյան ոստիկաններ են, ավելացնեմ, որ իրենք ոչ միայն սրիկայաբար կատարեցին իրենց տրված պատվերը, այլ նաև կատարեցին պրիմիտիվ թալան իմ բնակարանից և կողոպտեցին իմ սեյֆից խոշոր չափի գումար, զարդեր ու թանկարժեք ժամացույցներ։ Այդպիսով, ոչ միայն մեկուսացրեցին ինձ իմ օրինական գործունեությունից, այլ նաև սնանկացրեցին ինձ և իմ ընտանիքին։ Բայց դա ամենակարևորը չէ, ավելի կարևոր է այն, որ իրենք վարկաբեկեցին իմ անունը ու ցավ պատճառեցին իմ հարազատներին ու ինձ մտերիմ մարդկանց։

Տեսանյութեր

Լրահոս