Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանյան ազգային պլատֆորմի հայտարարությունը
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանյան ազգային պլատֆորմը դատապարտում է հունիսի 23-ի առավոտյան Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանության գործած ապօրինի եւ սանձարձակ գործողությունները, երբ ոստիկանության եւ ջրցան մեքենաների, այդ թվում քաղաքացիական հագուստով անձանց կողմից անհամաչափ ուժի գործադրմամբ ցրվեց նստացույցը, իսկ շուրջ 250 ցուցարարներ «որպես վկա», «խուլիգանություն գործելու կասկածանքով», դեռ հունիսի 22-ին հարուցված քրեական գործի շրջանակներում բռնի ուժով, իրենց կամքին հակառակ բերման ենթարկվեցին Երեւանի, Աբովյանի եւ Աշտարակի 10 ոստիկանության բաժանմունքներ: Ընդ որում, ցուցարարներից շատերը, այդ թվում լրագրողներ ծեծի ենթարկվեցին դեպքի վայրից շատ հեռու՝ Հյուսիսային պողոտայում եւ Ազատության հրապարակում, որոշ լրագրողների նկարահանման սարքերը ջարդվեցին:
Արդյունքում շուրջ 25 ցուցարար հոսպիտալացվել են, իսկ 5-ը տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք:
Ցուցարարներից շատերը պահվել են ոստիկանական բաժանմունքներում 10 ժամ եւ ավելի, նրանց լիարժեքորեն չեն ներկայացվել իրենց իրավունքները, այդ թվում ցուցմունքներ տալուց հրաժարվելու իրավունքը:Մենք պահանջում ենք գործող իշխանություններից անհապաղ դադարեցնել քաղաքացիական ակտիվիստների հետապնդումները, ազատ արձակել ոստիկանության բաժանմունքներում դեռ պահվող բոլոր քաղաքացիներին, չեղյալ հայտարարել հունիսի 22-ին ցուցարարների հանդեպ հարուցված շինծու քրեական գործը, հետաքննություն սկսել ոստիկանության՝ հունիսի 23-ին ապօրինություններ գործած եւ դրանք հրահանգած աշխատակիցներին:Հունիսի 23-ի առավոտյան տեղի ունեցածն առավել մտահոգիչ էր բողոքի առարկա խնդրի համատեքստում: Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանյան ազգային պլատֆորմը նաեւ իր անհամաձայնությունն ու վրդովմունքն է հայտնում ՀՀ հանրային ծառայությունների հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի թանկացման նպատակով Հայկական ԲԷՑ-եր-ի ներկայացրած հայտի թեկուզեւ մասնակի բավարարման կապակցությամբ, որի արդյունքում թույլատրվել է այն թանկացնել 7 դրամով:Ամբողջ աշխարհում 2014թ.-ից ի վեր էներգակիրների գնի կտրուկ նվազման ֆոնին Հայաստանում դրանց հիման վրա արտադրվող էլեկտրաէներգիայի շարունակվող թանկացումը համարում ենք ոչ այլ ինչ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կազմակերպված, պետական մակարդակով իրականացվող թալան: Բազային այս ապրանքատեսակի թանկացումը անխուսափելիորեն բերելու է իր հետ սպառողական բոլոր հիմնական ապրանքների գների բարձրացմանը, ինչն էլ իր հերթին էլ ավելի է խորացնելու բնակչության մեծամասնության սոցիալական ծանր վիճակը, շարքային քաղաքացիների հուսալքությունը եւ մեծացնելու է արտագաղթի տեմպերը:Հայաստանի քաղաքացիները իշխանության հետ սերտաճած եւ իրենց արտադրամասերում ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չվճարող տարատեսակ «ձեռներեցների» փոխարեն, բնական մենաշհնոր հանդիսացող էլեկտրական ցանցերի կառավարիչների եւ նրանց հետ սերտաճած պետական չինովնիկների ագահության եւ ցոփ ու շվայլ կյանքի դիմաց սեփական միջոցների հաշվին վճարելու ուրեւէ պարտավորություն երբեւէ չեն ստանձնել:
Կան բազմաթիվ հիմքեր ենթադրելու, որ ԲԷՑ-երի ներկայացրած ահռելի ծախսերը հիմնավոր չեն եւ պարունակում են հանցագործության էլէմենտներ, ինչը հիմք է տալիս մեզ պնդելու, որ դրանցով պետք է զբաղվի ՀՀ դատախազությունը: Իսկ եթե հայրենի դատախազությունը նույնքան անատամ եւ անկարող է գտնվելու, նույնքան կրեմլյան շահերի կամակատար, որքան որ դա եղավ Պերմյակովի դեպքում, ապա դա ընդամենը եւս մեկ անգամ ապացուցելու է այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանին գնալով էլ ավելի մեծ չափերով համակող խորը համակարգային ճգնաժամի հաղթահարման ուղին երկրում օրինական իշխանության ձեւավորումն է, որը կախված կլինի բացառապես սեփական ժողովրդից եւ կսպասարկի բացառապես նրա եւ ոչ թե օտարների կամ տեղացի թալանչիների շահերը, կպաշտպանի երկրի ինքնիշխանությունը եւ ոչ միայն ռազմական այլեւ տնտեսական անվտանգությունը:
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանյան ազգային պլատֆորմը իր զորակցությունն է հայտնում «Ոչ թալանին» քաղաքացիական շարժմնանը էլեկտրաէներգիայի չհիմնավորված թամկացման դեմ իր պայքարում:Այդ շարժման օրակարգին միացնում ենք մեր պահանջը ՀՀ նախագահին, Ազգային Ժողովին ու կառավարությանը օպեռատիվ կերպով ձեւավորել անկախ հանձնաժողով քաղաքացիական հասարակության գործում մասնակցությամբ՝ էլեկտրաէմերգիայի կորուստների եւ ԲԵՑ-երի ծախսերի ուսումնասիրման եւ դրանց դեմ միջոցների մշալման նպատակով:Մենք, ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ անդամներս շարունակելու ենք քաղաքացիական հասարակության մյուս ներկայացուցիչների հետ միասին պայքարել իշխանությունների կողմից իրականացվող կամ խրախուսվող ապօրինությունների եւ ժողովրդի կեղեքման դեմ` որպես համալիր լուծում մշտապես տեսնելով Հայաստանում օրինական եւ ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանող իշխանության ձեւավորումը:
24 հունիսի 2015թ.,
Երեւան