Բաժիններ՝

Ինձ մտահոգում են հրադադարի խախտման դեպքերը Լեռնային Ղարաբաղում. Բան Կի Մուն

ԵԽԽՎ-ի այսօրվա նիստի ընթացքում մասնակիցների առաջ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ապա պատասխանել է վեհաժողովի անդամների հարցերին:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հարց է ուղղել նաև ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին:

Ի պատասխան Բան կի Մունը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով:

«Ինձ շատ է անհանգստացնում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները: Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ Լեռնային Ղարաբաղում, և երկու կողմերն էլ գրեթե ամեն օր մարդկային կորուստներ են ունենում»,– ասել է նա:

«Ինձ անհանգստացնում է նաև երկու կողմերից հնչող ատելության ելույթները: Լարվածությունն այդ երկու երկրների միջև աճում է: Ես կոչ եմ անում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Որևէ ռազմական հակամարտություն ավերիչ կլինի երկու երկրների և ողջ տարածաշրջանի համար և ծանր հետևանքներ կունենա»,-ասել է նա:

Թարգմանությունը՝ tert.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս