«Այո, լինելու են ուժեր, որոնք փորձելու են օգտվել իրավիճակից». Եպիֆանցևը` Բաղրամյանի իրադարձությունների մասին

«Հայաստանում կուտակված դժգոհություն կա Ռուսաստանի նկատմամբ, որը միգուցե նաև արդարացված է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսական «Alte et Certe» վերլուծական բյուրոյի ղեկավար, Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Եպիֆանցևը` անդրադառնալով ժամեր առաջ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող երիտասարդների նկատմամբ Ոստիկանության կիրառած միջոցներին և ստեղծված իրավիճակում ռուսական գործոնին:

Նա նշեց, որ ամենակարևորը, որը հատկանշական է, դա այն է, որ հայաստանաբնակները պատրաստ են կտրուկ արձագանքել ծախսերի շուրջ ցանկացած փոփոխության, ինչպիսին ուղևորափոխադրումների, հոսանքի և այլ գներն են:

Ըստ նրա, այո, հնարավոր է, որ եղել են անտրամաբանական ծախսեր, չարաշահումներ ՀԷՑ-ում, բայց պետք է նաև հասկանալ, որ դա մասնավոր ընկերություն է: «Կա մի սահման, թե որքան կարող է հասարակությունը միջամտել մասնավոր ընկերության գործերին: Մենք չենք ցանկանա ցանկացածին մեր տուն թողնել, նույնն էլ ընկերությունն է, ընկերությունը պարտավոր չէ ներս թողնել ցանկացածին: Կա որոշակի սոցիալական պատասխանատվության բաղադրիչ քաղաքացիների առջև, սակայն պետք է հասկանալ, որ ՀԷՑ-ը մասնավոր ընկերություն է, որը պատկանում «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին:

Ուստի իրականում հնարավոր է, որ լինեն դժգոհություններ, բայց այդ ընկերության նկատմամբ վերահսկողության սահմանում հնարավոր չէ: Եթե ՀԷՑ-ը հրաժարվի նման ծառայություններ մատուցել, հայ հասարակությունը կունենա երկու տարբերակ. առաջինը` համաձայնել նոր գներին, որոնք այդքան էլ բարձր չեն, քանի որ այլ երկրներում շատ ավելի մեծ է բարձրացումը լինում, կամ՝ ազգայնացնել այդ ընկերությունը, բայց դա հզոր հարված կլինի հայաստանյան բիզնեսին»,- նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի փորձագետը:

Հարցին՝ ստեղծված իրավիճակում չե՞ք տեսնում արդյոք ռուսական ընկերության վատ կառավարման պատասխանատվության մասնաբաժինը, որի հետևանքով Հայաստանում է՛լ ավելի են սրվում հակառուսական տրամադրությունները, նա պատասխանեց, որ չէր փորձի շուտափույթ եզրահանգումներ անել, սակայն կան գործընթացներ:

«Առաջինը տնտեսական գործընթաց է, որը բարձր զգայունություն ունի Հայաստանում, քանի որ կյանքի մակարդակը բավականին ցածր է ու ցանկացած բարձրացում հանգեցնում է կյանքի մակարդակի իջեցման, որը ժողովրդին մղում է սոցիալական բողոքների: Դա կապված չէ Ռուսաստանի հետ: Երկրորդն այն է, որ ամեն դեպքում՝ Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը միանշանակ չէ, քանի որ հասարակությունը դեռ չի համակերպվել ՀՀ ԵՏՄ անդամակցության որոշման հետ: Տեսնում ենք, որ նույն Արևմուտքը փորձում է Հայաստանին ներքաշել իր ուղեծիր: Դա նորմալ է, տեսնում ենք, որ հայաստանյան հասարակության շրջանում կան որոշակի երևակայություններ այն մասին, որ հնարավոր է ունենալ միանման լավ հարաբերություններ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ, իսկ այսօր դա հնարավոր չէ, պետք է ընտրել կամ այստեղ, կամ այնտեղ:

Տեսնում ենք, որ Հայաստանում կա Ռուսաստանից դժգոհություն, որը միգուցե պայմանավորված է մեր հարաբերությունների պատմությամբ, եղել են սխալներ, Արևմուտքն է Հայաստանում աշխատում Ռուսաստանի դեմ: Իրականում հասարակության մի մասի շրջանում Ռուսաստանից որոշակի դժգոհություն կա, բոլորին չէ, որ գոհացնում է Սերժ Սարգսյանը, ով լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, նրա դեմ կա լուրջ բողոքական ներուժ: Երբ կա տնտեսական խնդիր, երբ կարելի է գտնել դրանում ռուսական սեփականություն, այն զգացնել է տալու, այո, լինելու են ուժեր, որոնք փորձելու են օգտվել իրավիճակից: Հայ-ռուսական հարաբերությունների խնդիրներից են եղել, որ մենք լռել ենք մեր խնդիրների մասին, դա վատ է, ու դա ավելի է սրում իրավիճակը»,- նման տեսակետ հայտնեց Անդրեյ Եպիֆանցևը:

Տեսանյութեր

Լրահոս