Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները դրական փոփոխություն էին՝ հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից

Մեր զրուցակիցն է Անկարայի քաղաքականության կենտրոնի Միջազգային հարցերի ծրագրի համակարգող, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կովկասում անկայության ինտրա- և ինտեր-հասարակական սկզբնաղբյուրները և ԵՄ-ի` դրանց արձագանքելու հնարավորությունները» FP7 նախագծի ավագ հետազոտող Բուրչու Գյուլթեքին Փանսմանը

– Տիկին Գյուլթեքին, Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո մի շարք փորձագետներ պնդում են, թե Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը ստիպված կլինի փոխել արտաքին քաղաքականությունը` հատկապես «Իսլամական պետության» և Հայաստանի նկատմամբ, որովհետև խորհրդարանում է հայտնվել Քրդական շարժումը, որն այս հարցերում այլ մոտեցում ունի, և խոսակցություններ են շրջանառվում կոալիցիոն կառավարության մասին։ Որքանո՞վ են իրատեսական այս պնդումները։

– Իհա՛րկե, այս ընտրությունների արդյունքները շատերի համար անակնկալ էին, թեև ես անձնապես անակնկալի չեմ եկել։ Մենք դեռ չունենք կառավարություն, մի քանի շաբաթ է անհրաժեշտ, որպեսզի ընտրություններից հետո կառավարություն ձևավորվի։ Երևի թե հասկանում եք, որ նման ընտրություններից հետո արտաքին քաղաքականությունը չի կարող զբաղեցնել երկրի ամբողջական օրակարգի մեծ մասը, երբ երկրում քննարկվում են պետականաշինությանը վերաբերող հարցեր։ Եթե նույնիսկ օրակարգի ինչ-որ մի անկյունում կա արտաքին քաղաքականությունը, ապա, ցավոք, Հայաստանի հետ հարաբերություններն առաջին տեղում չեն, քանի որ Թուրքիայի արտաքին քաղաքական խնդիրներն այսօր բավականին բևեռացած են, և Թուրքիան կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, ինչպիսին սիրիական հակամարտությունն է, Ռուսաստանի հետ հարաբերությունները։

Այդ օրակարգի հիմնական բաղադրիչը Քրդական շարժում կուսակցության հետ ճիշտ քաղաքականություն մշակելու անհրաժեշտությունն է, քանի որ Թուրքիան կոալիցիոն կառավարության լավ փորձ երբեք չի ունեցել։

Այս բոլոր հարցերը պետք է կարգավորվեն։ Սակայն ես կասեմ, որ շատ դրական հանգամանք է այն, որ խորհրդարանում հայտնվեց Քրդական շարժումը, որն աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման և պատմության ընթացքում գրանցված փաստերը ճանաչելու գաղափարին։ Բնականաբար, տարակուսանք կա հայ-թուրքական հարաբերությունների ապագայի վերաբերյալ, սակայն ես լիահույս եմ` երկարաժամկետ ապագայի տեսանկյունից։ Այնուամենայնիվ, եթե լինի հնարավորություն վերադառնալ արձանագրությունների գործընթացին, ապա դա կլինի մեծ ձեռքբերում, քանի որ դրանք են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական առանցքը։

Կարծում եմ` շատ կարևոր է այս փուլում ավելի շատ շփումներ ունենալ հայերի հետ։ Երբ ես 12 տարի առաջ առաջին անգամ եկա Հայաստան, հասկացա, տեսա, որ այս մարդիկ շատ ավելի մոտ են, քան հարևանները, քանի որ կան մարդիկ, ովքեր Անատոլիայից են, այսինքն` մենք ունենք նույն արմատները, անցյալը, պատմական հիշողությունը, ինչը կարևոր է և ինչը դժվար է բաժանել միմյանցից։

Ես նույնը կասեմ թուրք-քրդական հարաբերությունների մասին ևս, մենք ապրել և ապրում ենք միմյանց ինտեգրված, ուստիև պետք է լուծենք մեր միջև առկա տարաձայնությունները։

– Թուրքիան հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացը պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերություններով։ Չե՞ք կարծում, որ պետք է հրաժարվել այս քաղաքականությունից։

– Սա հայ-թուրքական հարաբերությունների պաշտոնական ընկալումն է Թուրքիայում, Թուրքիայի դիվանագիտական շրջանակները չեն կարողանում դիտարկել թուրք-հայկական հարաբերությունները ԼՂ հակամարտությունից անջատ։ Այս մոտեցումը պետք է վերանայվի, ըստ իս, սակայն Թուրքիայի տեսանկյունից` Ադրբեջանի հետ հարաբերությունների պահպանումը ներկայիս մակարդակում կարևոր է։

Կարծում եմ, որ ժամանակն ինքնին չի աջակցում, որպեսզի հակամարտությունները խորանան, քանի որ սերունդներ են փոխվում, նրանց պատմական հիշողությունը բթանում է, ուստի տարածաշրջանում առկա հակամարտությունները ժամանակի ընթացքում կարգավորվելու են։ Ինչ վերաբերում է ներկային, ապա ԼՂ հակամարտությունը խոչընդոտ է, բայց ես չեմ կարծում, որ սահմանի բացումը վնասակար լինի Ադրբեջանի համար։ Եթե Ադրբեջանը սա խնդիր չդիտարկի, Թուրքիան կբացի հայ-թուրքական սահմանը, և դա կօգնի վստահություն կառուցել թուրքերի և հայերի միջև, արդյունքում` տեղի կունենա այդքան սպասված բեկումը։

– Մինչ այդ բեկումը, ըստ Ձեզ` հայ-թուրքական արձանագրությունները կարո՞ղ են կրկին վերադառնալ բանակցությունների ակտիվ օրակարգ։ Թեև դրանք դուրս չեն օրակարգից, սակայն ետ են կանչված խորհրդարաններից։

– Սրանք միջկառավարական համաձայնագրեր են, դրանք դիվանագիտական պատմությունից չեն անհետացել, բայց ես գիտեմ, որ, երբ տեղի ունենա բանակցությունների վերսկսում, ապա բանակցությունների հիմքը լինելու են այս արձանագրությունները։ Ես վստահ չեմ, որ բանակցությունների կոնտեքստը կապ ունի արձանագրությունների հետ։ Արձանագրությունները բավականին ընդարձակ օրակարգ են ներգրավում։ Կարծում եմ, որ կարևոր է ոչ այնքան` համաձայնագիրը, որքան` քաղաքական կամքը։

Տեսանյութեր

Լրահոս