Վերականգնման վարկերի բանկից (KfW) ՀՀ կառավարությանը կհատկացվի 205 մլն եվրո արտոնյալ վարկ և 4.9 մլն եվրո դրամաշնորհ
Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանն ու ընդունեց բոլոր մնացած քննարկված հարցերը, ապա անմիջապես գումարեց հերթական արտահերթ նստաշրջանը՝ մեկ հարցով, այն է՝ «2014թ. համար ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ համաձայնագրի շրջանակներում գերմանական Վերականգնման վարկերի բանկից (KfW) ՀՀ կառավարությանը կհատկացվի 205 մլն եվրո արտոնյալ վարկ և 4.9 մլն եվրո դրամաշնորհ: Դրամաշնորհի միջոցներով կիրականացվեն «Բնակտարածքի ֆինանսավորում. 4-րդ փուլ», «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիր միկրո, փոքր և միջին ձեռնարկություններում/ՄՓՄՁ», «Դպրոցների էներգասպառման արդյունավետությունը բարձրացնող վերանորոգում», «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2-րդ փուլ» և «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր. 2-րդ փուլ» ծրագրերի իրականացման և համակարգման համար անհրաժեշտ հարակից միջոցառումները:
Վարկային միջոցներով կիրականացվեն «Բնակտարածքի ֆինանսավորում. 4-րդ փուլ», «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիր ՄՓՄՁ-ում», «Դպրոցների էներգասպառման արդյունավետությունը բարձրացնող վերանորոգում», «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2-րդ փուլ» և «Կովկասի էներգետիկ միություն. 3-րդ փուլ (Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ, ենթակայաններ)» ծրագրերը: