Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ ընդդիմությունը չպետք է քննադատի Հյուսիս-Հարավը
«Հյուսիս-Հարավը մեր երկրի համար լուրջ մեծ քաղաքականություն է: Եթե այս քաղաքականությունն ընդդիմադիրները պետք է օգտագործեն քննադատության համար, կարծում եմ՝ տեղին չէ: Եթե ընդդիմությունն իրոք այնքան թույլ է, որ իրեն չեն լսում, դա իշխանությունների մեղքը չէ, դա ընդդիմության մեղքն է: Ես կարծում եմ, որ դա է ավելի շատ տրամաբանությանը մոտ, քան հակառակը: Եթե իշխանությունները մինչև 1997 թվականը այնքան ուժեղ էին, որ կարող էին նաև միջազգային արենայում տարբեր տեսակի պայմանագրեր կնքել, ստիպել հարևաններին, որպեսզի մեզ բլոկադայի չենթարկեն, որպեսզի մեր ճանապարհները չփակեն, ապա դա այսօրվա իշխանությունների խնդիր չէր»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Նրա կարծիքով՝ դա մեր ողջ ժողովրդի խնդիրն էր և պետք չէ տարանջատել թե՛ նախորդ, թե՛ ներկա իշխանություններին. «Ես կցանկանամ, որ երբեք մեր երկիրը շրջափակման չենթարկվի, բայց քննադատել կատարված դրական աշխատանքները, ճանապարհաշինարարական աշխատանքները, որն իրականում մեծ քաղաքականություն է, քննադատել այն կառույցներին, որոնք վարկեր են վերցնում և օգտագործում այդ մեծ քաղաքականությունն իրականացնելու համար, ճիշտ չէ»:
Նա նկատեց, թե այդ վարկերը հեշտությամբ չեն տալիս և ՀՀ հակառակորդներ քայլեր են ձեռնարկում խոչընդոտներ ստեղծելու ուղղությամբ: Գ. Մելիքյանի կարծիքով՝ Հյուսիս-Հարավի շինարարությունը մեր երկրի տնտեսական ակտիվության համար լուրջ գործընթաց է. «Մեր երկրի քաղաքացիների մեծ մասն էլ հենց այս աշխտանքի պատճառով չեն պատրաստվում լքել մեր երկիրը»: