
Հայաստանում դասագրքերի քանակի խնդիր վերջին տարիներին երբեք չի եղել. Արմեն Աշոտյան

Հայաստանում դասագրքերի քանակի խնդիր չկա և վերջին տարիներին երբեք չի եղել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ վստահեցնելով, որ նոր ուսումնական տարում էլ դասագրքերը կբավարարեն աշակերտներին:
«Եզակի խնդիրները, որ ծագել են այս կամ այն դպրոցում, հետևանք են դպրոցի տնօրենի կողմից ոչ ճշգրիտ լրացված հայտերի, կամ քիչ են կանխատեսում, հետո շատ երեխա է գալիս, դասագրքերը պակասում են: Կան դեպքեր, երբ դասագիրքը դուրս է գաիս սև շուկա և այդ ժամանակ պատկան մարմինները պարբերաբար դիմում են, որ այդ խնդիրը կարգավորենք»,- ասաց Ա.Աշոտյանը:
Դասագրքերում սխալների ու վրիպակների առկայություն վերաբերյալ նախարարը նշեց, որ դրանք շատ չեն, հակառակը՝ շատ քիչ են. «Կան դասագրքեր, որտեղ կան վրիպակներ, երբեմն սխալներ, բայց այդ դասագրքերը ՀՀ-ում մեծ տոկոս չեն կազմում: ՀՀ դպրոցներում 230 անուն դասագիրք կա: Խնդրահարույց կարող են դիտվել այս պահի դրությամբ 9-10 դասագիրք, որոնք պարբերաբար ստուգվում են: Բայց դասագրքերի մեծամասնությունը ստեղծված է հայ գիտնականների ու պրոֆեսորների կողմից: Եվ մենք շատ հաճախ մոռանում ենք, որ կամ մենք ինքներս պետք է ստեղծենք դասագրքեր, կամ վերցնենք դասագրքեր, որոնք միջազգային պրակտիկայում վաղուց ապացուցել են իրենց պիտանելիությունը»,- ասաց Ա.Աշոտյանը: