«The Beautified Project»-ի համերգի անցկացման վայրն Ազատության հրապարակից տեղափոխվել է

Վաղը՝ հունիսի 21-ին, ժամը 21-ին տեղի կունենա «The Beautified Project»-ի մենահամերգը, որ նվիրվում է խմբի ստեղծման 10-ամյա տարեդարձին: Մեկ ու կես ժամ տևողությամբ համերգը նախատեսվում էր անցկացնել Ազատության հրապարակում, որտեղ, սակայն, ինչպես հայտնի է՝ երեկվանից ընթանում է Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ սկսված բողոքի ակցիան, որ երեկ արդեն վերածվել էր քառօրյա նստացույցի:

Թեև խմբի անդամները համերգի օրն ու ժամն ամրագրել էին շատ ավելի վաղ, քան մեկնարկած ակցիան էր, այնուամենայնիվ, նրանք ստիպված եղան փոխել համերգի անցկացման վայրը:

168.am-ը համերգին ընդառաջ խոսեց խմբի հիմնադիր, երգիչ երգահան Անդրե Սիմոնյանի հետ, ով ոչ միայն կիսվեց սպասվող համերգի մանրամասներով, այլև անդրադարձավ բողոքի ակցիայի և համերգի համընկման թեմային:

Անդրե, արդեն հայտնի է, որ «The Beautified Project»-ի տասնամյակին նվիրված համերգի անցկացման վայրը փոխվել է՝ Ազատության հրապարակից՝ Կինո «Մոսկվայի» հարակից հրապարակ: Ի՞նչ խնդիր կար:

Կարդացեք նաև

– Ազատության հրապարակում նախատեսվում էր մեծ բեմ տեղադրել, տեխնիկական մեծածավալ աշխատանքներ էին սպասվում՝ բեմի տեղադրման հետ կապված, իսկ այնտեղ դեռ շարունակվում է երեկվանից սկսված բողոքի ակցիան ու նստացույցը: Համերգի կազմակերպիչները խոսել էին ակցիայի կազմակերպիչների հետ ու եկել այն որոշման, որ ավելի լավ կլինի՝ չխանգարենք միմյանց:

– Թվում էր՝ այս պատահական զուգադիպությունն ակցիայի մասնակիցների համար մեծ հաջողություն պիտի լիներ՝ թե՛ սպասվող մեծաթիվ հանդիսատեսի առումով, թե՛ ակցիային նոր՝ երաժշտական շունչ հաղորդելու տեսակետից: Փաստորեն, համերգի տեղափոխման խնդրով առավել մտահոգված էր ակցիա կազմակերպող կո՞ղմը:

Ակտիվիստները չուզեցին, որ այնտեղ բոլորովին այլ թեմայով հանդիպում հավաքվի այս պահին, մտածեցին՝ մարդկանց ուշադրությունը չշեղել այլ ուղղությամբ, ու հետո դա կարող էր նաև այլ կերպ ընկալվել շատերի կողմից: Մեզ համար էլ շատ կարևոր է չխանգարել նրանց գործին, որովհետև, կարծում եմ, իրենք հիմա շատ կարևոր նպատակի ու հարցի շուրջ են համախմբվել:

Փաստորեն, Դուք և՞ս կիսում եք Ազատության հրապարակում այս օրերին հավաքված ակտիվիստների ու մարդկանց մտահոգությունը:

– Այո: Իրենք, իմ կարծիքով, երկրի խնդիրներով ու մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի սակագնի շուրջ ծագած պրոբլեմով մտահոգված, շատ ճիշտ ու խիզախ քայլ են ձեռնարկել՝ ընդհուպ մինչև գիշերել այնտեղ:

– Այո, ու դեռ առաջիկա գիշերներն էլ պատրաստվում են այնտեղ լուսացնել, ըստ իրենց պլանների: Ինչևէ, խոսենք տեղափոխված համերգի մասին: Որտե՞ղ կկայանա համերգը:

Համերգը տեղափոխվել է «Մոսկվա» կինոթատրոնի հարակից՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակ: Խումբը կներկայանա իր հիմնական կազմով՝ հինգ երաժիշտներով, ռոք ֆորմատի մեջ՝ ծանր ռոք կնվագենք, նախատեսվում էր, որ ընթացքում կմիանան համերգի հյուրերը՝ Նարինե Դոլաթյանը, Սոնա Ռուբենյանը և Eva-ն, բայց տեղափոխման հետ կապված նրանք ելույթ չեն ունենա:

– Անդրե, ո՞րն եք համարում խմբի տասնամյա գործունեության հիմնական ձեռքբերումը:

Իմ կարծիքով՝ մեր ամենամեծ ձեռքբերումն ի սկզբանե ժողովրդի սերն է եղել: Մեզ սիրեցին, ընդունեցին, հետո նոր միայն մենք հայտնվեցինք մամուլի էջերում կամ հեռուստատեսության եթերներում: Մենք հատուկ միջոցներ կամ գումարներ չներդրեցինք սիրվելու կամ հայտնի դառնալու համար, թեև ինձ համար այդ հայտնիությունը կամ աստղային կարգավիճակը երբեք ավելի կարևոր չեն եղել, քան ժողովրդի սերն է, որն էլ համարում եմ այս տարիների ամենամեծ ու կարևոր ձեռքբերումը:

Համերգին ընդառաջ՝ «The Beautified Project»-ը շնորհակալություն է հայտնում երկրպագուներին՝ 10 տարի խմբի կողքին լինելու համար: Հիշեցնենք, որ «The Beautified Project»-ը հիմնադրվել է 2005 թվականին Լոնդոնում և հայաստանյան միակ անգլալեզու խումբն է, որն ունի միջազգային ճանաչում։

 

Տեսանյութեր

Լրահոս