Բաժիններ՝

«Ի՛նչ է, պարոն Մարուխյանը չէ՞ր կարող ունենալ համարձակություն՝ իր թեկնածությունը դնել». Ո.Մարուխյան

Ինչպես հայտնի է, այսօր տեղի ունեցան Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունները, որի արդյունքում 19 կողմ ձայնով ռեկտոր ընտրվեց ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը: Ռեկտորի մյուս թեկնածուն՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը, ստացավ 12 ձայն:

Լրագրողներից մեկը Ո. Մարուխյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս ստացվեց, որ սկզբնական փուլում կար միայն Հովհաննես Թոքմաջյանի թեկնածությունը, սակայն հայտնի սկանդալից հետո ինքը ևս առաջադրվեց: Ի պատասխան՝ արդեն ռեկտոր ընտրված Ո. Մարուխյանն ասաց, որ, երբ հայտարարվել է ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ, Հ. Թոքմաջյանի՝ դիմում գրելուց երկու օր տարբերությամբ՝ ինքն է ներկայացրել դիմում, ու դա ոչ մի կապ չի ունեցել «ինչ-որ սկանդալի և այլնի» հետ:

Դիտարկմանը՝ Հ. Թոքմաջյանը նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար, ու սովորաբար Հայաստանում պաշտոնակատար է նշանակվում նա, ով դառնում է ռեկտոր, Ո. Մարուխյանն այսպես արձագանքեց.

«Ես մեկ այլ առիթով էլ եմ ասել, որ իմ պաշտոնը թողել եմ միայն և միայն տարիքային սահմանափակման համար, այն ժամանակ ՊՈԱԿ էր, իսկ ՊՈԱԿ-ի մասին օրենքի համաձայն՝ ՊՈԱԿ-ի ղեկավարը չէր կարող լինել 65 տարեկանից բարձր: Երբ համալսարանը փոխեց իր կարգավիճակը, անցյալ տարվա նոյեմբեր ամսին, նա վերածվեց հիմնադրամի, և, բնականաբար, հիմնադրամի մասին օրենքով եթե արգելված չէ ու չկա տարիքային սահմանափակում, ի՛նչ է, պարոն Մարուխյանը չէ՞ր կարող ունենալ համարձակություն՝ իր թեկնածությունը դնել»:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանն էլ, թե մարդկանց մոտ կա տպավորություն, որ, քանի որ հայտնի սկանդալում շոշափվել էր Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի անունը, նրա միջոցով Ո. Մարուխյանն առաջադրվեց, ռեկտորը պատասխանեց, որ նման բան չկա. «Եթե դուք հետևել եք պարոն Աշոտյանի հարցազրույցներին, նա ուղղակի հայտարարել է, որ ինձ չի սատարում: Դա ինձ համար անգամ մի փոքր վիրավորական է՝ այսինքն՝ ինչ-որ մեկն ինձ թելադրո՞ւմ է՝ դնե՞մ թեկնածություն, թե՞ ոչ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս