«Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի զարգացումը դարձել է հակամարտությունների պատանդը»

Հարցազրույց Վրաստանի Ազգայնականության և հակամարտությունների հետազոտման ինստիտուտի ներկայացուցիչ Նինո Կալանդարիշվիլիի հետ, ով այս օրերին Երևանում է վրաց-հարավօսական քաղաքացիական «Տեսակետ» երկխոսությանը մասնակցելու նպատակով

– Տիկին Կալանդարիշվիլի, ի՞նչ մակարդակում է այսօր գտնվում Վրաստան-Հարավային Օսեթիա, Վրաստան-Աբխազիա քաղաքացիական երկխոսությունը։

– Երկխոսությունը հակամարտության ձևավորումից հետո երբեք չի դադարել, ունեցել է իր դինամիկան։ Պետք է ասեմ, որ վրաց-օսեթական և վրաց-աբխազական երկխոսության դինամիկան տարբեր է։ Մենք աշխատում ենք ժողովրդական դիվանագիտական մակարդակում, որն անվանում են Track 2 դիվանագիտություն, համապատասխանաբար գտնվելով այդ մակարդակում` մենք ունենք բավականին մեծ իրավունքներ` մեր տեսակետները, կարծիքներն արտահայտելու և հակառակ կարծիք լսելու, որը կարող է բացարձակապես չհամընկնել մեր կարծիքին։ Քաղաքացիական հասարակությունը և քաղաքացիական երկխոսությունը հենց դրա համար էլ նախատեսված են` լսելու, հասկանալու համար հետաքրքրությունները, շահերը, ցավերը, տառապանքները, հակառակորդ կողմի պահանջները, որոնք լսելուց հետո կարծիքներ են ձևավորվում` հաշվի առնելով արդեն հակառակորդ կողմի հետաքրքրությունները։

Դա բավականին բարդ գործ է, քանի որ լսելով նրանց հետաքրքրությունների մասին, դրանք ի գիտություն ընդունելով` քեզ մոտ տպավորություն է ստեղծվում, թե դու դավաճանում ես քո սեփական շահերին։ Բայց խաղաղարար մոտեցումն իրենից ենթադրում է հետևյալը` անհնար է մեկ կողմի հաղթանակը` առանց մյուս կողմի պարտության։

– ԼՂ հակամարտության դեպքում ևս գործում է ժողովրդական դիվանագիտությունը, բայց այն կամ լսելի չէ հակամարտող երկրների իշխանությունների շրջանում, կամ էլ բավարար ակտիվ չէ։ Ի՞նչ խորհուրդ կտաք։

– Իհարկե, քաղաքացիական մակարդակում հակամարտությունները չեն կարգավորվում, դրանք կարգավորվում են միմիայն քաղաքական մակարդակում։ Ձեր դեպքում առանց քննարկումների, հանդիպումների` հակառակորդ կողմի տեսակետը հասկանալն անհնար է, այլ հարց է` հանդիպումների ֆոնին հնարավոր է ո՛չ հասկանալ, ո՛չ էլ հաշվի առնել, այսինքն` հանդիպումը չի նշանակում, որ դու հասկանում ես, հանդիպումները կարող են լինել պարզապես հանդիպումների համար։ Ես գտնում եմ, որ պետք է ակտիվացնել քաղաքացիական շփումները։ Դա հակամարտության կարգավորման հարցում առանցքային բաղադրիչ է։ Վստահ եմ, առանցքային նշանակություն կունենա նաև ԼՂ հակամարտության դեպքում։

Վրաց-օսական և վրաց-աբխազական հակամարտության գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ պաշտոնական դեմքերն իրար չեն հանդիպում և չեն զրուցում, սա լուրջ խնդիր է։ Ես հեռու եմ այն մտքից, որ, եթե նրանք հանդիպեին, խնդիրները կլուծվեին, սակայն, եթե նրանք հանդիպեին, դա մեր խնդիրները կբարձրացներ բացարձակապես այլ մակարդակի։ Թեև ես հասկանում եմ, թե ինչպիսի խոչընդոտներ կան, և ինչպես մեկ կողմի համաձայնությունն ինչ-որ հարցում կընկալվի հակառակորդ կողմում։ Կան հարաբերությունների տարբեր մակարդակներ, կա վրաց-ռուսական հակամարտություն, վրաց փորձագիտական հանրության շրջանում կարծիք կա, որ հակամարտությունները սովորաբար բազմաշերտ են լինում, կա ՌԴ-Արևմուտք հարաբերությունների հարցը, Վրաստան-Ռուսաստան, կան վրաց-օսական և վրաց-աբխազական հարաբերությունները։

Եթե մենք հանկարծ լուծենք բոլոր հակամարտությունները, չի նշանակի, որ մեր տարաձայնություններն աբխազների և հարավօսերի հետ կվերանան։ Ռուսաստանը խաղացող է, բայց ոչ հիմնական դերակատարն այն հարցում, թե ինչ է կատարվում այս հակամարտություններում։ Մենք կարող ենք մեր ներդրումն ունենալ կարգավորման հարցում։

– Եթե Ռուսաստանը չէ, ապա ո՞րն է գլխավոր խոչընդոտը։

– Ես դժվար եմ պատկերացնում, որ չլինի ռուսական գործոն, քանի որ այն միշտ ներկա է լինելու, բայց Արևմուտքի համար կարգավորման այն տարբերակն ընդունելի կլինի, ինչն ընդունելի կլինի վրացիների և աբխազների, վրացիների և հարավօսերի համար։ Ես ուզում եմ հավատալ, որ կողմերը կգտնեն ուժ, համարձակություն, առողջ միտք, որպեսզի կարողանան իրականացնել քայլեր` ուղղված կարգավորմանը։ Ինձ թվում է, որ Հարավային Կովկասում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի զարգացումը դարձել է մեր հակամարտությունների պատանդը։

Տեսանյութեր

Լրահոս