«Արևմուտքն ավելի ակտիվ պետք է զբաղվի հարավկովկասյան երկրների հետ հարաբերությունների խորացմամբ»
Հարցազրույց Վրաստանի նախկին վարչապետ, վրացի գործարար Բիձինա Իվանիշվիլիի նախկին խորհրդական, ներկայումս «Վրացական երազանք»
իշխող կոալիցիայի ղեկավարներից մեկի՝ Գեորգի Վոլսկիի հետ
– Պարոն Վոլսկի, Ռիգայում կայացավ «Արևելյան գործընկերություն» ծրագրի հերթական գագաթաժողովը, որից հետո կարծիքներ հնչեցին, թե հիասթափություն կա այդ ծրագրի նկատմամբ ԵՄ քաղաքականության վերաբերյալ, քանի որ Վրաստանը, Ուկրաինան, Մոլդավան չստացան այն, ինչ ցանկանում էին։ Վրաստանի դեպքում խոսքը վիզային ռեժիմի ազատականացման մասին էր։ Ինչպե՞ս եք գնահատում գագաթաժողովի արդյունքները, և արդյո՞ք ԵՄ «Արևելյան գործընկերության» քաղաքականությունը համապատասխանում է ԱլԳ երկրների հավակնություններին։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ։
– Ոչ մի լուրջ ռազմավարական ուղղության հիմնում առանց խնդիրների առաջ չի ընթանում, առավել ևս, երբ խոշոր խաղացողներ են ներգրավված այդ ուղղության հիմնման թատերաբեմում, ինչպիսին Ռուսաստանն է, արևմտյան երկրները, արևմտյան կառույցները, որոնք գտնվում են առճակատման գագաթնակետին։ Շատ պատճառներ որոշակիորեն կանխագուշակում են արևմտյան երկրների և Արևմուտքի քաղաքականության սահմանափակությունը։ Կարծում եմ, որ Արևմուտքն ավելի ակտիվ պետք է զբաղվի Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունները զարգացնելով։ Դա ճիշտ, հեռանկարային ուղղություն է, ինքնին եվրաատլանտյան ուղղությունն ավելի անվտանգ է երկիրը դարձնում, հնարավորություններ է տալիս տնտեսական զարգացման համար։
– Կա կարծիք, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին ԵՄ-ն պետք է ավելի ակտիվացներ «Արևելյան գործընկերություն» ծրագրի քաղաքականությունը, որպեսզի իր գործընկերներն ավելի ապահովագրված լինեին ռուսական ճնշումներից, այնինչ ԵՄ-ն զգուշավոր քաղաքականություն է վարում։ Սա որքանո՞վ է ճիշտ կամ սխալ մոտեցում։
– Իրականում դա այդքան էլ հեշտ չէ։ Ինքնին ուկրաինական ճգնաժամը ցույց է տալիս, որ ամեն ինչ չէ, որ հարթ է տրվում, ինչպես շատ երկրներին։ ԵՄ-ին չի բավականացնում միասնականությունը, կա հանձնակատար, ով զբաղվում է այս հարցերով, բայց չէի ասի, որ բոլոր երկրները միանման մոտեցում ունեն արտաքին քաղաքական հարցերում։
Ամեն ինչ հանգում է նրան, որ ավելի ուշադիր պետք է լինել, խնդիրը լուրջ է, ծանր, ռուսական ագրեսիան ակնհայտ է, բայց հիմա հակամարտությունը լայնածավալ է դառնում, քանի որ բնական է` Ռուսաստանը չի ցանկանում պայմանավորվել մի շարք սկզբունքային հարցերի շուրջ, նախընտրում է ուժային մեթոդները` պաշտպանելով սեփական ռազմավարական շահերն Արևելյան Ուկրաինայում։ Որքան էլ մենք գնահատենք իրավիճակը, կան իրողություններ, և քաղաքականությունը չի կարող անտեսել այդ իրողությունները, և հակառակը` եթե հաշվի է առնում, ուրեմն դա ճիշտ քաղաքականություն է։ Սա չպետք է անհանգստացնի։ Սա այս ծրագրի զարգացման բնական տրամաբանությունն է։
– Արևմուտքը երկարաձգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիան Ուկրաինայի հարավ-արևելքում։ Կարգավորման հեռանկարները Ձեզ տեսանելի՞ են։
– Պատժամիջոցները նրա համար չեն, որպեսզի ջախջախվի ռուսական տնտեսությունը, այլ` որ ստեղծվի մի իրավիճակ, երբ Ռուսաստանը չի ունենա այլ տարբերակ, քան նստել բանակցային սեղանի շուրջ։ Սա է այդ պատժամիջոցների գլխավոր խնդիրը։ Ջախջախված Ռուսաստանը ևս մեծ վտանգ է Եվրոպայի և, առավել ևս, Հարավային Կովկասի համար, հաշվի առնելով իրավիճակը Հյուսիսային Կովկասում։ Այնպես որ, քաղաքական, ռազմավարական խաղը, որն անցնում է մեր գլխավերևում, բոլորիս համար սպառնալիք է։ Ուստի պայմանավորվածությունն անխուսափելի է, առավել ևս, երբ մենք կանգնած ենք Իսլամական պետության վտանգի առջև։ Եթե խոշոր խաղացողների միջև համաձայնություն չլինի, մեր օրերը հագեցած են լինելու խնդիրներով։ Գլխավորը, ինչ մեզ պետք է անհանգստացնի, երիտասարդ սերնդի ապագան է։
– Պարոն Վոլսկի, վերջերս շատ է խոսվում այն մասին, որ «Իսլամական պետության» սպառնալիքը Հարավային Կովկաս ևս հասնելու է, հատկապես՝ Ադրբեջան և Վրաստան։ Վրաստանում կա՞ այդ սպառնալիքի գիտակցումը, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։
– Այս ուղղությամբ ավելի լուրջ գիտելիքներն ամենևին չէին խանգարի, այդ թվում` ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին։ Ադրբեջանում ավելի լուրջ է իրավիճակը, քանի որ հազարներով են գրանցվում ԻՊ-ի բանակում, իսկ Վրաստանում այդքան էլ վատթար չէ, քանի որ խոսքը հարյուրների մասին է։ Իրավիճակի շուրջ գիտելիքների բացակայությունը մեծ խնդիր է, պետք է ամեն ինչ շատ ավելի լուրջ ուսումնասիրել։ Պետք է խորացնել և ավելի լրջացնել հատուկ կառույցների, ծառայությունների աշխատանքը, պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։ Իմ կարծիքով` կարևոր է նաև երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները, կրոնական խոցելի կետերը վերացնելը, քանի որ այդ բացերի շնորհիվ են մարդիկ հեշտությամբ դառնում ԻՊ-ի զինվոր։
– Հայաստանը միացավ ԵՏՄ-ին, Վրաստանը շարժվում է ԵՄ-ի, ՆԱՏՕ անդամակցության ուղղությամբ։ Ինչպե՞ս պետք է Հայաստանն ու Վրաստանը զարգացնեն իրենց ինտեգրացիոն ուղղությունները` առանց մեկը մյուսին վնաս պատճառելու։
– Վրաստանը Հայաստանին դիտարկում է` որպես եղբայրական երկիր, և լինելով այս կամ այն միության կազմում` մենք պետք է պաշտպանենք ու ներկայացնենք միմյանց շահերը, ինչպես և արել ենք։ Վստահեցնում եմ, որ դա հնարավոր է։ Սա է գլխավոր բանաձևը, որով կողմերն առաջնորդվում են։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ հայ հասարակությունը մեզ հետ միասին վերապրեց Թբիլիսիում տեղի ունեցած աղետը, հիմա վերականգնողական աշխատանքներ են ընթանում, բայց չես վերականգնի այն մարդկանց կյանքը, ովքեր զոհվեցին, այդ թվում` մեր հայ բարեկամների։ Այնպես որ, կարծում եմ, որ ամեն դեպքում ողջամտությունը և մարդասիրությունը կհաղթեն։ Փոխադարձ օգնության լավ օրինակներ ունենք, ապագան ևս այդպիսին կլինի։