Երկու «մոգական» բառ և լիքը փողեր

ՀՀ Ազգային ժողովի երեկվա արտահերթ նիստում քննարկվում էր «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Առաջին հայացքից շատ անմեղ փոփոխություն կարող է թվալ` մանավանդ գլխավոր զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացնելուց հետո։

Փոփոխությամբ առաջարկվում է «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-78-Ն) 5-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերում «պետական» բառը փոխարինել «կառավարության» բառով, իսկ 7-րդ մասում «պետական պարտքը» բառերը փոխարինել «կառավարության պարտքը» բառերով։ Այսքան բան։

Պետական պարտքի մասին օրենքին անտեղյակ մարդիկ կարող են մտածել, որ սա ընդամենը ինչ-որ տեխնիկական բնույթի փոփոխություն է (ի դեպ, օրենքի հեղինակները հենց այդպես էլ փորձում են ներկայացնել, ինչի մասին ստորև կխոսենք)։
Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ, որքան կարող է թվալ։

Ներկայիս խմբագրությամբ` «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետն ասում է. «Պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը»։

Պետական պարտքը, հիշեցնենք, բաղկացած է ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի պարտքից։ Այս օրենքով` նախագծի հեղինակները ցանկանում են առանձնացնել կառավարության պարտքն ու պետական պարտքը։ Այսինքն` 60%-ի սահմանափակումը կվերաբերի միայն կառավարությանը, իսկ ԿԲ-ի պարտքային սահմանափակումը կհանվի։ Ըստ էության, սա նշանակում է, որ կառավարությունը ցանկանում է մեծնացնել իր` պարտք ներգրավելու հնարավորությունը։ Ինչքանո՞վ` ԿԲ-ի պարտքի չափով (շուրջ 10%-ով)։

Փորձենք ավելի մանրամասն ներկայացնել։ 2014թ. Հայաստանի ՀՆԱ-ի մեծությունը, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, կազմել է 4526 մլրդ դրամ։ Սա նշանակում է, որ այս տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը չի կարող գերազանցել 2715 մլրդ դրամը։

Իսկ որքա՞ն է այժմ ՀՀ պետական պարտքը։ 2015 թվականի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 2217.3 մլրդ դրամ կամ նախորդ տարվա ՀՆԱ-ի 48.9%-ը։ Պետական պարտքից 1888.9 մլրդ դրամն արտաքին պարտք է, որից 209.3 մլրդ-ը բաժին է ընկնում Կենտրոնական բանկին։

pet-partq-april

Այսինքն, գործող օրենքի համաձայն, Հայաստանը (Կառավարությունը և Կենտրոնական բանկը միասին) այս տարվա ընթացքում միասին կարող են ներգրավել ևս 588 մլրդ դրամ (ներկայիս փոխարժեքով` շուրջ 1.23 մլրդ դոլար)։

Իսկ ի՞նչ կլինի օրենքի փոփոխությունից հետո, որն առաջարկում է Կառավարությունը։ Պետական պարտքի ցուցանիշից «դուրս կգրվի» ԿԲ-ի 209.3 մլրդ դրամը։ Արդյունքում` պետական պարտքի ցուցանիշը կնվազի և կարտացոլի միայն կառավարության պարտավորությունները։ Այսինքն` ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքի ցուցանիշը կճշգրտվի և 2217.3 մլրդ դրամի փոխարեն` կկազմի 2008 մլրդ դրամ։
Ու, ըստ այդմ, Կառավարությունը հնարավորություն կստանա տարվա ընթացքում ներգրավել ոչ թե 588 մլրդ դրամ, այլ 707 մլրդ դրամ։ ԿԲ-ի մասին էլ չենք խոսում. Այս կառույցը որքան պարտք ցանկանա, այնքան էլ կներգրավի։

Կարճ ասած, օրենքը թույլ է տալիս ՀՀ պետական կառույցներին ավելի շատ վարկեր ներգրավել։ Առողջ տրամաբանությունը հուշում է, որ օրենքի նպատակը հենց սա է` բարձրացնել պարտք ներգրավելու շեմը։

Սակայն, արի ու տես, որ Կառավարությունը լրիվ այլ բան է ասում։ Օրենքի հիմնավորման փոփոխության անհրաժեշտությունը ներկայացվում է այսպես. ««Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների լուծման, բյուջետային գործընթացի շրջանակներում պետական բյուջեի դեֆիցիտի առավելագույն սահմանաչափը հստակեցնելու անհրաժեշտությամբ»։

Իսկ որպես ակնկալվող արդյունք` կարող եք կարդալ. «Պետական պարտքին և կառավարության պարտքին առնչվող օրենքի առանձին դրույթների հստակեցում, բյուջետային գործընթացի շրջանակներում օրենքի կիրառման արդյունավետության բարձրացում»։

Ի՞նչ պետական պարտքի ավելացում, ի՞նչ շեմի բարձրացում։ Կառավարությունը ցանկանում է պարզապես տեխնիկական բնույթի խնդիրներ լուծել։

ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը երեկ հենց դա էր փորձում համոզել ԱԺ պատգամավորներին։ Թեպետ հատկապես ոչ ՀՀԿ-ական պատգամավորներն այս հարցում անդրդվելի էին և կարծում էին, որ այս փոփոխությունը պարտքը մեծացնելու նպատակ ունի և բացասական սպասումներ է առաջացնում։

Իսկ ինչո՞ւ կառավարությունը չի ցանկանում խոստովանել, որ օրենքի փոփոխության հիմնական նպատակը հենց պարտքի թույլատրելի շեմի մեծացումն է։ Որովհետև դրանով անուղղակիորեն կխոստովանեն, որ Կառավարությունը երկրի տնտեսության առջև ծառացած խնդիրների լուծումը տեսնում է լրացուցիչ պարտքեր ներգրավելու մեջ։
Չէ, այն, որ վիճակը, մեղմ ասած, տխուր է, բոլորն էլ գիտեն` առանց Կառավարության ասելու։ Սակայն իմանալը մի բան է, իսկ Կառավարության անուղղակի խոստովանությունը` լրիվ ուրիշ բան։

Այլ հարց է` մեզ պարտք կտա՞ն, թե՞ ոչ։ Իսկ այս հարցին անուղղակիորեն պատասխանել է Ատոմ Ջանջուղազյանը` խոսելով այլ թեմայի մասին։
Երբ լրագրողները հարցրել են` արդյոք դեֆոլտի ռիսկ չի՞ առաջանում, երբ Կառավարության պարտքը մոտենում է ՀՆԱ-ի 60%-ին, ՀՀ գլխավոր գանձապետը պատասխանել է, որ դեֆոլտի ռիսկ չի տեսնում. «Եթե մենք դեֆոլտի թեկուզ փոքր ռիսկ ունենայինք, ոչ մի պարագայում եվրապարտատոմսեր չէինք կարող տեղաբաշխել։

Ներդրողների հետաքրքրությունը չի կարող լինել մի սուբյեկտի նկատմամբ, ով դեֆոլտի փոքր նշույլ է պարունակում»։
Կարճ ասած` պարտք տվող կլինի։

Տեսանյութեր

Լրահոս