Հակոբ Հակոբյանը վտանգ է տեսնում
ՀՀ կառավարության ներկայացրած «Ակցիզային հարկի» մասին օրինագծին դեմ քվեարկած միակ Հանրապետական Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) օրենքի նախագծում վտանգ է տեսնում, որ այն աղքատության շեմից քիչ վերև ապրող ՀՀ քաղաքացիներին ուղղակի կտանի կհասցնի աղքատության շեմքին: Ըստ նրա՝ բոլոը հասկանում են, թե որտեղ կարելի է հարկն ավելացնել՝ ավելացնում են, որտեղ չի կարելի՝ չի կարելի:
«Ես բաց հայտարարեցի, որ հոսանքի թանկացման հետ կապված մենք այսօր դեռ չենք կարող գնահատել, թե աղքատությունն ինչ ձև ու չափ կընդունի և սա էլ կավելանա: Դրա համար, որպեսզի աղքատության շեմի հետ կապված չունենանք լուրջ պրոբլեմներ, այս օրենքի նախագիծը, ես կարծում եմ, որ ժամանակին չէր»,- ասաց Հ.Հակոբյանը:
Նա նկատեց, որ այլ երկրներում հարկային դրույքաչափերն ավելի մեծ են, քան Հայաստանում: Հակոբյանի խոսքով՝ բոլոր կառավարություններն ուզում են աշխատանքի արդյունքից մաս տանեն բյուջե ու ծախսը ապահովեն. «Այսօր մեզ համար վտանգավոր է այդ թանկացումը հատուկ, որովհետև դա շփվում է այն շերտի հետ, որոնք գտնվում են աղքատության շեմից քիչ վերև: Մեկ այլ խնդիր է՝ վերանայել օրենքի նախագիծը, մարդկանց կարելի է ասել՝ օղին ու ծխախոտը թանկացնում ենք, քիչ գումար ունես՝ քիչ ծխի ու խմի, բայց չենք կարող ասել՝ քի ունես, քիչ վառելիք վառի, առավել ևս, երբ մեր բնակչության 30%-ը զբաղված է գյուղատնտեսությամբ»: