Մինսկի խումբը հակամարտությունը մենեջմենթի փուլից պետք է հրատապորեն փոխադրի կարգավորման փուլ. Դենիս Սամութ
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը կամ ընդլայնումն ինչ-որ բան չի փոխի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Կովկասյան տարածաշրջանում և հետսովետական տարբեր շրջաններում արտաքին քաղաքականության վերլուծաբան, Մերձավոր Արևելքում 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող, ՄԱԿ-ի կազմում Աֆղանստանում աշխատած, Վրաստանի պատերազմի առիթով ԵՄ-ի կողմից ստեղծված «Թալիավինիի հանձնաժողովի» անդամ, «ԼԻՆՔՍ»-ի ղեկավար, Օքսֆորդի համալսարանի Պարսից Ծոցի և Արաբական թերակղզու ուսումնասիրությունների ֆորումի համակարգող Դենիս Սամութը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելու՝ ադրբեջանական առաջարկին:
Նա նշեց, որ ինքն այն մարդկանց ցանկում չէ, ովքեր կարծում են, թե ինչ-որ սուրբ բան կա Մինսկի խմբում: Ըստ նրա` ՄԽ-ն պարզապես միջազգային հանրության քաղաքական գործիքն է, եթե կա անհրաժեշտություն դրանում ինչ-որ բան փոխել, ապա պետք է փոխել:
«Եթե դուք հարցնեք, թե Մինսկի խումբը կատարյա՞լ գործընթաց է, ապա ես կասեմ, որ շատ անկատար գործընթաց է: Ես այս հարցին վերաբերվում եմ բաց մտքով, բայց այս իրավիճակում մեկ իրողություն կա, որ բոլոր փոփոխությունները պետք է համաձայնեցվեն բոլոր կողմերի հետ: Ես կարծում եմ, որ մենք ունեցել ենք այս ձևաչափն ավելի քան 20 տարի, և սա որոշ հարցերում օգտակար է եղել: Օրինակ` հակամարտության մենեջմենթի հարցում, բայց անօգուտ է եղել հակամարտության կարգավորման տեսանկյունից: Սակայն մենք պետք է կենտրոնանանք իրական նյութի վրա, ոչ թե գործընթացի»,- ասաց նա` շարունակելով, որ նյութը հետևյալն է` ինչպե՞ս ենք մենք շարժվում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը գտնելու ուղղությամբ, որպեսզի հարյուր-հազարավոր մարդիկ, ովքեր տանջվում են հակամարտության չկարգավորման հետևանքով, այլևս չտառապեն: Ըստ «ԼԻՆՔՍ»-ի ղեկավարի` Մինսկի խումբը պարզապես հրատապորեն մեկ խնդիր պետք է լուծի` հակամարտությունը մենեջմենթի փուլից կարգավորման փուլ փոխադրել:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: