Նաիրիտցիները հավատում են, որ Հովիկ Աբրահամյանը խոստումը կկատարի
«Վեց ամիսների ընթացքում բազմաթիվ հանդիպումներից, ակցիաներից հետո վերջապես կառավարության ղեկավարը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ մինչև հուլիսի 15-ը կկատարվի նաիրիտցիների պարտքերի մարումը: Հույս ունենք, որ դա այդպես էլ կլինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը:
Նա նշեց, որ այժմ մնում է «Նաիրիտի» վերագործարկման հարցը, ինչն իրենց երկրորդ պահանջն էր:
Նա տեղեկացրեց, որ բողոքի ցույցերը և երթերը առայժմ դադարեցված են, մինչև հուլիսի 15-ը ոչինչ չեն կազմակերպելու. «Այսինքն՝ բոլորս հավատում ենք, որ պարտքերը կմարեն»:
«Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը չհանաձայնեց, որ բոլորը հավատում են, թե պարտքերը կմարվեն.
«Աշխատողների շրջանում անվսահություն, այնումաենայնիվ, կա, քանի որ նախկինում էլ են տրվել խոստումներ և չեն արվել»:
Նա նշեց, որ բողոքի բոլոր ցույցերը դադարեցնելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ իրենց երկրորդ պահանջը չի բավարարվել՝ վերագործարկման հարցը չի լուծվել. «Բողոքի ակցիաները դադարեցված ենք մեկ շաբաթով, այսօր մասնակցելու ենք էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային»: