Բաժիններ՝

ԵՊՀ-ում նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու գործով մեղադրյալները մեղավոր են ճանաչվել

ԵՊՀ-ում նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու գործով երկու ամբաստանյալները Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով մեղավոր են ճանաչվել:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել երկու անձի. նրանցից երիտասարդ տղան  դատապարտվել է տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Մյուս մեղադրյալը, ով երիտասարդի ծանոթուհին է, դատապարտվել է տուգանքի՝ 250 հազար դրամի չափով:

Իր վճռում դատարանը նշել է, որ հաստատված է համարում, որ երիտասարդ ամբաստանյալը նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել, ինչպես նաև՝ համոզելու և խնդրելու միջոցով մյուս ամբաստանյալին դրդել է նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալ: Դատարանն ապացուցված է համարել, որ երիտասարդը, սովորելով Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում, ունեցել է ցածր առաջադիմություն և գտնվել է համալսարանում ուսումնառությունից դուրս մնալու շեմին։

Տեղեկանալով, որ իր վատառողջ հայրը ցանկանում է այցելել Երևան և, միաժամանակ, Երևանի պետական համալսարան այցելելով` հետաքրքրվելու է իր առաջադիմությամբ` նա նպատակադրվել է խափանել հոր այցը ԵՊՀ` այդ կերպ փորձելով զերծ պահել նրան առողջական վիճակի հնարավոր վատթարացումից։
Իր մտադրությունն իրագործելու նպատակով երիտասարդը քարտոֆոնից զանգահարել է Ոստիկանություն և նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել, այն է` տեղեկություններ է հայտնել, թե իբր Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում նկատել է 2 անծանոթ տղամարդկանց, ովքեր շենքի նկուղում փորձում են պայթուցիկ սարք տեղադրել:

Դատարանն ապացուցված է համարել, որ բացի այդ՝ երիտասարդը նույն շարժառիթով՝ խնդրել և համոզել, այդ կերպ հանցանք կատարելուն է դրդել իր ծանոթ աղջկան՝ զանգահարել Ոստիկանություն և նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալ` հայտնելով, թե իբր ինչ-որ անձի հեռախոսային խոսակցությունից լսել է, որ վերջինս նպատակադրվել է պայթեցնել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքը, որից հետո աղջիկը, կատարելով երիտասարդի խնդրանքը, զանգահարել է Ոստիկանություն և տվել է նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում:

Դատարանն ապացուցված է համարել, որ երիտասարդը կրկին հոր այցը ԵՊՀ խափանելու նպատակով, տեսնելով, որ իրավապահ մարմինները չեն արձագանքում իր ծանոթուհու վերոնշյալ ահազանգին և չեն տարհանում ԵՊՀ-ում գտնվող անձանց, կրկին անգամ խնդրելու և համոզելու միջոցով դրդել է նրան հանցանք կատարելու, այն է` վերստին զանգահարել Ոստիկանություն և նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալ` հայտնելով, թե իբր իր կողմից առաջին ահազանգի ժամանակ նշված տղան արդեն սպորտային պայուսակով մտել է ԵՊՀ և մտադրված է պայթեցնել ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքը, որից հետո աղջիկը, կատարելով խնդրանքը, զանգահարել է Ոստիկանություն և տվել նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում:

Երկու ամբաստանյալներն էլ դատարանում իրենց մեղավոր են ճանաչել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս