«Հարավային Օսեթիան ու Աբխազիան պետք է օրինակ վերցնեն Լեռնային Ղարաբաղից»

Հունիսի 15-ից Երևանում մեկնարկել է Ջորջ Մեյսոնի անվան համալսարանի աջակցությամբ 2008 թվականից անցկացվող վրաց-հարավօսական քաղաքացիական «Տեսակետ» երկխոսության հերթական փուլը։ Այն կտևի չորս օր։ «Տեսակետն» այն ավանդական հարթակն է, որի շրջանակում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Վրաստանից և Հարավային Օսեթիայից ներկայացնում են 2008թ. բռնկված հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց դիրքորոշումները, քննարկում կարգավորման հեռանկարները։

Քննարկումները կայանում են փակ ձևաչափով։ «168 Ժամը» զրուցել է Հարավային Օսեթիայում գործող «Ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության» կանանց ասոցիացիայի նախագահ, ձևաչափի համակարգող Լիրա Կոզաևայի հետ։

– Արդեն մի քանի տարի է` «Տեսակետի» շրջանակում, քննարկում եք վրաց-օսական հակամարտության կարգավորման հեռանկարները, սակայն հակամարտության կարգավորման գործընթացը տեղից չի շարժվում։ Ի՞նչ հարցեր են քննարկվում նման հանդիպումների ժամանակ, և ինչպե՞ս եք գնահատում ժողովրդական դիվանագիտության արդյունավետությունը։

– Ցավոք սրտի, Վրաստանի և Հարավային Օսեթիայի միջև այսօր հարաբերություններ չկան, կա պարզապես երկու ձևաչափ, որոնց շրջանակում հանդիպում են Վրաստանի և Հարավային Օսեթիայի հասարակությունների ներկայացուցիչները։ Առաջին ձևաչափը «Ժնևյան քննարկումներն» են, մյուսը` «Տեսակետը»։ «Ժնևյան քննարկումները» նախատեսված են պաշտոնատար անձանց շփումների համար, իսկ «Տեսակետը»` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։

Մենք, ցավոք սրտի, այսօր կարգավորման հեռանկարներ չենք տեսնում, հենց դրա համար էլ հանդիպում ենք, որպեսզի գտնենք ուղիներ, որպեսզի երևան հեռանկարները, քանի որ մենք ունենք բացարձակ տարբեր դիրքորոշումներ: Oրինակ` Հարավային Օսեթիան կարծում է, որ հակամարտություն այլևս չկա, այն սպառվել է, ավարտվել է, Վրաստանը կարծում է, որ հակամարտությունը շարունակվում է: Այսինքն` շատ են չկարգավորված և չհամաձայնեցված հարցերը, խնդիրները, և, թեև կան կառույցներ, որոնք շատ դեմ են «Տեսակետ» ձևաչափին, մենք համարում ենք, որ եթե մենք նեղացածի դիրք ընդունենք, չհանդիպենք, մեկուսանանք միմյանցից, ապա ինչպե՞ս պետք է լուծենք այն խնդիրները, որոնք ունենք։

Օրինակ` մենք ցանկանում ենք, որ Վրաստանը ճանաչի մեր անկախությունը։ Վրաստանն իր հերթին` ունի դժգոհություններ։ Ինչպե՞ս լուծել այդ խնդիրները, եթե մենք քաղաքացիական հասարակության մակարդակում չենք ցանկանում հանդիպել։ Մենք հանդիպում ենք, շփվում, խոսում ենք մեր խնդիրների մասին, խոսում ենք այդ խնդիրների կարգավորման հնարավորությունների մասին, մենք անկեղծ ասում ենք միմյանց, թե որտեղ կարելի է լուծել խնդիրը, ինչպես, մենք կարողանում ենք լսել միմյանց, ինչն ամենակարևորն է, մենք կարողանում ենք իրար դեմքին ասել ճշմարտությունը և մենք չենք վախենում, որ դա կավարտվի աղմուկով կամ ձեռքերն օգտագործելով։ Ամեն ինչ մնում է քննարկումների դահլիճներում, որտեղից մենք դուրս ենք գալիս` որպես բարի ընկերներ և պատրաստ ընթանալ առաջ, դրված նպատակին ընդառաջ։

– Այսինքն` կոնսենսուս չկա նույնիսկ հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՞ միջև։

– Ցավոք սրտի, այո։ Պաշտոնատար անձանց միջև երկխոսությունը համարյա թե ավարտվել է, «Ժնևյան քննարկումներ» չկան, իսկ մենք չենք մասնակցում նաև որոշումների կայացմանը, մենք կարող ենք քաղաքացիական հասարակության մակարդակում, ժողովրդական դիվանագիտության շրջանակում քննարկել խնդիրները, մենք արդեն շատ բան ենք արել, շարունակում ենք և կանենք դեռ ապագայում, սակայն քաղաքական խնդիրների կարգավորմամբ մենք չենք զբաղվում։

– Տիկին Կոզաևա, վերջերս շատ խոսվեց այն մասին, որ Վրաստանն ու Աբխազիան, Հարավային Օսեթիան ավելի հեռացան կարգավորումից` կնքելով ՌԴ-ի հետ ինտեգրացիոն պայմանագրեր, խորացնելով իրենց համագործակցությունը ՌԴ-ի հետ։ Չե՞ք կարծում, որ չկարգավորման հարցում կա նաև ռուսական գործոնի ազդեցությունը։

– Ողջ մոլորակում ռուսատյաց հիստերիա է բարձրացել, զարմանալի չէ, որ կա նման տեսակետ։ Կարծում եմ, որ հենց ժողովրդից է կախված, թե ինչպես ինքն իրեն կդրսևորի և ինչպիսի քաղաքականություն կվարի։ Ինչ վերաբերում է ՌԴ-ին, չեմ կարող ոչինչ ասել, որովհետև իրականում ՌԴ-ն այն ուժն է, որը 2008թ., կարելի է ասել, փրկեց մեզ և մինչ այսօր մեզ աջակցում է և՛ ֆինանսապես, և՛ այլ առումներով։ Եթե մեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, ուրեմն դրանում ոչ թե Ռուսաստանն է մեղավոր, այլ` մենք ինքներս։

– Հետսովետական տարածքում շատ են տարածքային հակամարտությունները, ինչպես Ղարաբաղյան, Մերձդնեստրի, Ղրիմի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի հակամարտությունները, որոնցում այս կամ այն կերպ ներգրավված կենտրոնները ցանկացած հակամարտության դեպքում օգտագործում են իրենց հարմար սկզբունքը` կամ տարածքային ամբողջականություն, կամ ժողովուրդների ինքնիշխանության իրավունք։ Ի՞նչը պետք է օրինակ դառնա։

– Մենք օրինակ կարող ենք վերցնել հենց Լեռնային Ղարաբաղից։ Ես, ցավոք սրտի, այնտեղ չեմ եղել, բայց այն, ինչ լսել եմ, թե ինչպիսի գործընթացներ են ընթանում, հանդիպել եմ հ/կ-ների ներկայացուցիչների հետ, զարմացել եմ։ Տեսնում եմ մակարդակը, կարծում եմ, որ չէր խանգարի նրանցից օրինակ վերցնելը։ Աշխարհում այնպիսի գործընթացներ են տեղի ունենում, այնպիսի խաղացողներ են ընդգրկված այդ խաղում, որ խաղն ընթանում է առանց օրենքների, այնպես որ, փոքր ժողովուրդները չպետք է մասնակցեն այդ գործընթացներին։ Մենք փոքր ժողովուրդներ ենք։

Տեսանյութեր

Լրահոս