ԼՂՀ ոստիկանության պետը նոր հրամաններ է ստորագրել
ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի ընթացիկ տարվա հունիսի 16-ին ստորագրած հրամաններով ոստիկանության ստորաբաժանումներում կատարվել են մի շարք կադրային փոփոխություններ։
ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ոստիկանության մայոր Դավիթ Վրույրի Խաչատրյանը ազատվել է քրեական հետախուզության վարչության բաժնի պետի պաշտոնից և նշանակվել նույն վարչության պետի տեղակալի պաշտոնին։
Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով ոստիկանության կապիտան Արայիկ Արամայիսի Գասպարյանը ազատվել է քրեական հետախուզության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազորի պաշտոնից և նշանակվել նույն վարչության բաժնի պետի պաշտոնին։
Կադրային փոփոխություններ են կատարվել նաև ճանապարհային ոստիկանության և պետական պահպանության վարչություններում։
Շնորհավորելով պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ ոստիկանության պետը հույս է հայտնել, որ նրանք հավատարիմ կմնան իրենց կոչմանն ու առաքելությանը և նոր որակ կհաղորդեն ինչպես քաղաքացիներին մատուցվող ծառայությունների, այնպես էլ հանցավորության դեմ տարվող պայքարի արդյունավետության բարձրացման գործին։