Հրկիզել են ավտոտնակն ու ավտոմեքենան. պայթյունից 21-ամյա երիտասարդը մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավտոտնակում կայանված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 21-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ:

2015թ. հունիսի 16-ին «Թիվ 1 համալսարանական» հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի բակից իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղամարդու դի՝ դեմքին պատռած վերքերով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015թ. հունիսի 16-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը հրկիզել է Բաղրամյան 60 շենքի հարակից տարածքում գտնվող ավտոտնակը և այնտեղ կայանված, Ա.Թումոյանի կողմից շահագործվող «Նիսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենան։

Արդյունքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է 1994թ. ծնված Գ.Թումոյանը: Պայթյունի հետևանքով վնասվել են նաև թիվ 60 շենքի մուտքի ընդհանուր օգտագործման, ինչպես նաև՝ բնակարանների ապակիները։

Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով (գույքի դիտավորյալ ոչնչացում, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս, անզգուշությամբ առաջացրել մարդու մահ):

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատահրդեհատեխնիկական, դատաբժշկական, դատապայթունատեխնիկական, դատանյութագիտական, դատաքրեագիտական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, ինչպես նաև կատարվել է դեպքի վայրի զննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս