Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում

Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև թիվ 36 և 28 գրադարաններ, հետևել իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն և կավարտվեն նախատեսված ժամկետում: Հիմնանորոգվող գրադարանների տնօրեններն ու աշխատակիցներն իրենց շնորհակալությունն են հայտնել մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար՝ նկատելով, որ ընթերցասեր հասարակության համար հարմարավետ պայմանների ապահովման արդյունքում զգալիորեն ավելանում է գրադարանի այցելուների թիվը: Նրանք նաև համոզմունք են հայտնել, որ հիմնանորոգման արդյունքում այս գրադարաններում ևս ստեղծվող իսկապես հարմարավետ պայմանները շատ լուրջ խթան կհանդիսանան նոր ընթերցասերներ ներգրավելու համար: Բացի այդ, առանձնակի կարևորվել է նաև այն հանգամանքը, որ ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ կլուծվի այս գրադարաններում առկա շուրջ 57450 կտոր գրականության պահպանման խնդիրը:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը հետևել է նաև թիվ 25 մանկապարտեզում իրականացվող աշխատանքների ընթացքին: Տարեկան ծրագրի շրջանակում այս նախակրթարանում ևս փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար կապահովվեն անհրաժեշտ բոլոր պայմանները: Առանձնակի կարևորելով աշխատանքների իրականացումը՝ մանկապարտեզի տնօրենն ու աշխատակիցները նշել են, որ նախակրթարանը երբևէ նորոգման չէր ենթարկվել, ինչի անհրաժեշտությունը շատ էր զգացվում: Նրանք նաև մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների գոհունակությունն են փոխանցել քաղաքապետին՝ նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար՝ ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերն իսկապես բազմաբնույթ են ու ծավալուն:

Arabkir1

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին մեկ անգամ ևս վստահեցրել է, որ մայրաքաղաքի մանկապարտեզների պայմանների բարելավմանն ուղղված ծրագիրը լինելու է շարունակական, և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր մանկապարտեզներում:

«Հանրակրթության ոլորտը մշտապես եղել և լինելու է մեր առանձնակի ուշադրության կենտրոնում, ու հատկապես վերջին տարիներին մայրաքաղաքի զարգացման ծրագրերում մենք ներառում ենք ոլորտի բոլոր այն խնդիրները, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում ու, ըստ այդմ, հետզհետե կարգավորում ենք դրանք: Դեռ 2011 թվականին մասնավորապես մանկապարտեզներում մենք ամբողջովին լուծեցինք ջեռուցման խնդիրը, ինչն իսկապես առաջնահերթություն էր՝ հատկապես հաշվի առնելով, որ մանկապարտեզներն անվճար դարձնելուց հետո յուրաքանչյուր տարի շուրջ 30000 երեխաներ են հաճախում նախակրթարաններ:

Անշուշտ, ջեռուցումը միակ խնդիրը չէր, որ առկա էր մանկապարտեզներում: Կուտակվել էին տասնամյակներ շարունակ լուծում պահանջող այլ խնդիրներ ևս, և մենք ձեռնամուխ եղանք դրանց հետզհետե լուծմանը: Ոլորտի պատասխանատուների կողմից որպես առաջնահերթություն մատնանշվում էր նաև մանկապարտեզների վերանորոգման անհրաժեշտությունը, ինչը ներառվեց մայրաքաղաքի զարգացման ծրագրերում, և այսօր կարող ենք փաստել, որ այդ ուղղությամբ իսկապես մեծ աշխատանք է կատարվել վերջին չորս տարիների ընթացքում: Արդեն շուրջ 100 մանկապարտեզներում իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, ևս 31-ում էլ նախատեսել ենք այս տարի»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մանկապարտեզների վերանորոգմանը զուգահեռ՝ վերջին տարիներին զգալի աշխատանքներ են տարվում նաև նախակրթարանների գույքի թարմացման ու համալրման ուղղությամբ: Երևանի քաղաքապետը վստահեցրել է, որ այս աշխատանքները ևս լինելու են շարունակական:

«Վերջին երեք տարիներին մենք այդ ուղղությամբ ևս աննախադեպ ծրագիր իրականացրինք, որի արդյունքում մեր մանկապարտեզները համալրվեցին ավելի քան 32 հազար միավոր գույքով, այդ թվում՝ սեղաններ, աթոռներ, մահճակալներ, պահարաններ: Բացի այդ, մանկապարտեզներն ապահովվեցին նաև անհրաժեշտ խոհանոցային տեխնիկայով և պարագաներով, ինչը նույնպես աննախադեպ էր, հատկապես հաշվի առնելով, որ դրանք հիմնականում նորերով չէին փոխարինվել տասնամյակներ շարունակ: Մանկապարտեզների գույքի համալրումը լինելու է շարունակական: Այս տարի ևս 3300 միավորով համալրում կկատարվի»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս