Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Երևան քաղաքի զարգացման 2015 թվականի ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում ընթացքի մեջ են նաև մանկապարտեզների նորոգման աշխատանքները: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է թիվ 162 մանկապարտեզ, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում առավել հարմարավետ պայմաններ կապահովվեն շուրջ 200 փոքրիկների համար: Շնորհակալություն հայտնելով երկար սպասված ծրագիրը կյանքի կոչելու համար՝ մանկապարտեզի տնօրենն ու աշխատակիցներն ընդգծել են, որ վերջին տարիներին նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրությունն իսկապես ողջունելի է:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Մինաս Ավետիսյանի անվան արվեստի դպրոց, որտեղ ևս հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում: Զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում երեխաների պարապմունքների համար հարմարավետ պայմաններ կապահովվեն: Զրուցելով դպրոցի տնօրենի և աշխատակիցների հետ՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքի կրթամշակութային օջախների նկատմամբ քաղաքապետարանի ուշադրությունը լինելու է շարունակական և հետևողականորեն իրականացվելու են դրանց պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերը: Պատասխանատուներն էլ իրենց հերթին նկատել են, որ հիմնանորոգված արվեստի դպրոցը հնարավորություն կտա զգալիորեն ավելացնելու խմբակներ հաճախող երեխաների թիվը:

Qanaqer1 Qanaqer5 Qanaqer6

Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետին է ներկայացվել նաև Հ. Պարոնյանի անվան պուրակում իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքը: Զեկուցվել է, որ վերակառուցման աշխատանքների ավարտից հետո այս հատվածում ևս կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, մարզական գույք ու մանկական խաղեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս