«Բա որ Ադրբեջանը որոշեց, ի վերջո, միանա, այ դրա պոտենցիալը, գնահատականն ունե՞ք»
Այսօր Աժ արտահերթ նիստում ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու արձանագրությունների քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարեց, որ ՀՀ-ն իր սեփական շահով առաջնորդվելով է Ռիգա գնացել: Իսկ ԵՏՄ-ում, ըստ նրա, այդպես էլ չեն ձևավորվում ՀՀ-ի շահերը: Թ.Պողոսյանը նշեց, որ «օգուտ չտա՝ վնաս էլ չի տալու», «պարտավորություններ մենք չենք ստանում» ձևակերպումները շահերի ձևակերպում չեն:
Նա հետաքրքրվեց, թե մինչ օրս ՀՀ կառավարությունը քանի՞ խումբ է ուղարկել Ղրղզստան՝ տնտեսական ուսումնասիրություններ անելու՝ հասկանալու համար, թե ի՞նչ ենք մատուցելու նրանց. «Վնասի պոտենցիալը գնահատե՞լ եք: Բա որ Ադրբեջանը որոշեց, ի վերջո, միանա, այ դրա պոտենցիալը, գնահատականն ունե՞ք: Դա էլ չունենք: Ասում եք՝ երբ որ դա կլինի, նոր կգնահատենք: Դե եկեք ամեն անգամ այդպես անենք՝ վնասը կլինի, կփորձենք զբաղվել: Վնաս չկա՝ մենք երբեք կանխատեսում չենք անի, սցենար չենք ծրագրավորի, մի 20 տարով առաջ չենք փորձի նայել»:
Պողոսյանը նշեց, որ աշխարհում պրակտիկա կա, երբ որևէ երկրի խորհրդարանում այլ երկրի վերաբերյալ հարց են քննարկում, տվյալ երկրի ներկայացուցիչը փորձում է լոբբինգի հարց լուծել. «Ես կհասկանայի, եթե այ էնտեղ՝ վերևում, կամ էնտեղ վերևում, Ղրղզստանի Ազգային ժողովից գոնե 1-2 պատգամավոր տեսնեի և մեզ ասեին՝ ժողովուրդ ջան, անպայման կողմ քվեարկեք, էնքան լավ բաներ է լինելու: Ես չեմ տեսել էդ ելույթը: Այնպիսի տպավորություն է, որ Ղրղզստանին էլ չի հետաքրքրում Հայաստանը կանի՞, կամ շատ լավ գիտի, որ Հայաստանը խելոքի պես քվեարկելու է կողմ»:
Ըստ պատգամավորի, փաստորեն, ո՛չ Ղրղզստանն այստեղ շահեր ունի, ո՛չ էլ ՀՀ-ն, որովհետև ՀՀ-ն էլ ժամանակին չի գնացել ու չի արել: Նա հայտարարեց, որ վստահ է, որ խմբակցությունը դեմ կքվեարկի նախագծին: