«Մանչեսթեր Յունայթեդին» հետաքրքրում է Սիլլեսսենը, իսկ Էդվին վան դեր Սարը խորհուրդ է տալիս Վալդեսին
«Մանչեսթեր Յունայթեդը» կանգնած է դժվարին խնդրի առաջ` գտնելու Դավիդ Դե Խեային փոխարինողին: Ակնհայտ է, որ մոտ ժամանակներում Դե Խեան, այնուամենայնիվ, կվաճառվի «Ռեալին», դրա համար «Մանչեսթեր Յունայթեդի» մենեջմենթը քննարկում է իսպանացի դարպասապահի փոխարինման տարբերակները: «Տոտենհեմը» չի ցանկանում վաճառել Ուգո Լյորիսին, իսկ Յան Օբլակը` «Ատլետիկոյից», բավականին թանկ արժե և դեռ չի հասցրել ցուցաբերել ստաբիլ խաղ:
Տարբերակներից մեկը հանդիսանում է «Այաքսի» դարպասապահ Յասպեր Սիլլեսսենը, ով լավ ծանոթ է Լուի Վան Գալին: Բայց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը խորհուրդ է տալիս ոչ ոքի չգնել և ուշադրություն դարձնել Վիկտոր Վալդեսի վրա, ով թիմում է հունվարից և հասցրել է անցկացնել երկու խաղ:
«Հնարավոր է, դարպասապահի պրոբլեմի լուծումն արդեն «խաղում» է «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից: Շատ բան կախված է նրանից, թե ինչ տիպի դարպասապահ է պետք «Մանչեսթեր Յունայթեդին»: Նա՞, ով լավ կգործի գծի վրա և կհակազդի հարվածներին, թե՞ նա, ով ավելի շատ ղեկավարում է պաշտպանությունը և հաճախ դուրս է գալիս դարպասից: Վալդեսը փորձառու դարպասապահ է, նա լավ դպրոց է անցել և ունի բարձր վարպետություն»,- համոզված է վան դեր Սարը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը