«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած երեխայի գործով բժիշկները մեղավոր ճանաչվեցին
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զույթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ «Արաբկիր» բ/կ-ում մահացած 2.5-ամյա Լիա Միսակյանի գործով ամբաստանյալները մեղավոր ճանաչվեցին։ Ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանն ու Զարինե Այվազյանը մեղավոր ճանաչվեցին առաջադրված մեղադրանքներում:
Դատարանի վճռով՝ ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանը դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց լրացուցիչ պատժի՝ համաներման կիրառմամբ ազատվելով պատժի կրումից։ Մյուս ամբաստանյալ Զարինե Այվազյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ առանց լրացուցիչ պատժի՝ համաներման կիրառմամբ ազատվելով պատժի կրումից։
Դատավճռով նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասիբ, թողնվեց անփոփոխ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելու։ Նշենք, որ հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում դատավճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան։ Ավելացնենք նաև, որ ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։