«Ես էլ, ինչպես հասարակության մեծ մասը, պարտքի մեջ խրված եմ»
«Շատ զարմացա, երբ իմացա, որ հասարակական հնչեղություն ստացած այդ կարևորագույն հարցը պատրաստվում էին ԱԺ-ում քննարկել դռնփակ և առանց տեսախցիկների: Չգիտեմ, իրո՞ք այդպես արեցին, թե՞ ոչ, բայց ՀՀԿ խոսնակի կողմից նման բան հայտարարելն արդեն տարօրինակ էր»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց երգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում էլեկտրաէներգիայի թանկացման փաստին:
«Ես էլ, ինչպես հասարակության մեծ մասը, պարտքի մեջ խրված եմ, ու, եթե ժամանակին չմարեմ պարտքս, համապատասխան մարմինները կգան և կբռնագրավեն գույքս»,- ասաց երգահանը՝ տարակուսանք հայտնելով, թե ինչու իշխանությունները նման կերպ չեն վարվում ՀԷՑ-ի հետ:
«Հիմա մտածում եմ՝ ինչո՞ւ նման կերպ չեն վարվում ՀԷՑ-ի հետ: Չէ՞ որ հենց այս ճանապարհով հնարավոր է Հայաստանին վերադարձնել ժամանակին հիմար ձևով Ռուսաստանին վաճառած գույքը: Մի խոսքով, այս ամենը տարօրինակ է և անհասկանալի»,- նշեց Էդուարդ Զորիկյանը:
Հարցին՝ արդյոք ներկայիս սոցիալական ծանր պայմաններում գտնվող մարդիկ պատրա՞ստ են վճարել բարձր սակագին սպառած էլեկտրաէներգիայի համար, վերջինս պատասխանեց, որ «պատրաստ չեն, և, իհարկե, բողոքի ալիք լինելու է»:
«Բայց խնդիրն այդքան էլեկտրաէներգիայի թանկանալ-չթանկանալը չէ, որքան մեր վարչական չինովնիկների կեցվածքը: Ինձ համար զարմանալի էր, որ վարչապետը մինչև խորհրդարանական լսումները հայտարարեց, որ հոսանքը թանկանալու է՝ հեգնելով թե՛ ԱԺ-ին, թե՛ ժողովրդին»,- խոսքը եզրափակեց Զորիկյանը: