Բաժիններ՝

Վարդան Այվազյանը ձեռնունայն սպասում է. «Նաիրիտի» աուդիտը դեռ չեն ուղարկել ԱԺ

Համաշխարհային բանկի փորձագետի կողմից «Նաիրիտ» գործարանում իրականացված աուդիտի եզրակացությունը քննարկվում է թե՛ գործարանում, թե՛ կառավարությունում (մասնավորապես՝ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունում), բայց Ազգային ժողովի «Նաիրիտի» հարցով ենթահանձնաժողով դեռ չի հասել, թեև ի սկզբանե պատգամավորները պահանջել էին նախարարությունից նաև իրենց ուղարկել աուդիտի եզրակացությունը:

Ենթահանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ պահանջել է փաստաթուղթը, բայց դեռ չեն ուղարկել, ասում են՝ պետք է կցեն նաև «Նաիրիտի» ղեկավարության կարծիքը: Նրա խոսքով՝ բոլոր միասնական փաստաթղթերը կվերցնեն, կուսումնասիրեն, որից հետո տեղեկատվություն կտան: Այվազյանը հայտնեց, որ մի քանի անգամ հավաքել է ենթահանձնաժողովի անդամներին, բայց նաիրիտցիներն իրենք փորձում են իրենց հարցերը լուծել այլ հարթության վրա: Նա նշեց, որ գործարանի նախկին տնօրենին ներգրավել է ենթահանձնաժողովում՝ որպես հասարակական փորձագետ:

Թե ինչո՞ւ է կառավարությունը հապաղում փաստաթուղթն ուղարկել ԱԺ, պարզ չէ: Այս համառության միակ պատճառը, թերևս, ՀԲ ներկայացրած փորձագիտական գնահատականն է, թե «Նաիրիտը» չի կարող մրցունակ լինել, ուստի գործարանի հետագա հետ շահագործումը տնտեսապես շահավետ չէ։ Մինչդեռ, ԱԺ-ում այս ենթահանձնաժողովը ստեղծվել է հենց գործարանի վերագործարկման խնդիրներն ուսումնասիրելու առաջնային նպատակով: Ընդ որում՝ տեսակետ կա, որ ՀԲ նման եզրակացությունը տրվել է հենց ՀՀ կառավարության պատվերով, որին ինչ-ինչ ուժեր խոչընդոտում են զբաղվել «Նաիրիտի» վերագործարկման հարցով, ու հանձնարարություն կա ամեն կերպ հասնել գործարանի ապամոնտաժմանը:

Ուշագրավ է, որ նաիրիտցիներն իրենք, այդ թվում՝ գործարանի ներկայիս ղեկավարությունը, վստահ է, որ ՀԲ եզրակացության թվերն ուռճացված են, ու «Նաիրիտը» կարելի է վերագործարկել անհամեմատ ավելի քիչ ներդրումներով: Մասնավորապես՝ «Նաիրիտի» պարտավորությունները շուրջ 250 մլն դոլար են, որի մեջ մտնում է ԱՊՀ Միջպետական բանկի չմարված վարկը, Երևանի ՋԷԿ-ին փոխառությունների դիմաց պարտք է մոտ 48 մլն դոլար, վերագործարկման համար կպահանջվի ևս 210-346 մլն դոլար, բայց, արի ու տես, որ, ըստ փորձագետի՝ «Նաիրիտի» մատակարարումների գնահատվող ինքնարժեքը գերազանցում է պոլիքլորոպրենային կաուչուկի նախատեսվող գինը, ինչը գործարանը դարձնում է ոչ մրցունակ։

Հիշեցնենք, որ այս աուդիտն ընդամենը մի քանի օրերի ընթացքում իրականացրել էր մեկ անձ՝ «Ջակոբս» ընկերության ներկայացուցիչը: Մինչդեռ նույն ընկերության կողմից նախկինում անցկացված աուդտի եզրակացությունը, որ հիմնվել էր մանրակրկիտ ու համակողմանի ուսումնասիրությունների վրա, բոլորովին այլ գնահատական է պարունակել: Եվ դրանից պատվերի հոտ չէր գալիս:

Պետք է փաստել, որ նաիրիտցիներն իրենք էլ պակաս քաջատեղյակ չեն աշխարհի անցուդարձից, ու իրենց մշակած վերագործարկման ծրագիրն ավելի իրատեսական է: «Նաիրիտի» մասնագետները, որոնք հաստատապես ավելի սրտացավ են գործարանի հանդեպ, գտնում են, որ գործարանը կարելի է վերագործարկել ՀԲ-ի նշածից 4 անգամ քիչ ներդրումներով, և իրենք էլ ունեն հիմնավորումներ, որ «Նաիրիտը» կարող է տալ մրցունակ արտադրանք: Մնում է ստանալ քաղաքական «դաբրոն»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս