«Ադրբեջանի և ՌԴ-ի չափազանց մերձեցումը հակասում է հայկական շահերին»

Հարցազրույց ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության
հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի հետ

– Պարոն Մայիլյան, հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը համեմատաբար կայուն է վերջին օրերին, թեև լինում են նաև լարվածության բռնկումներ։ Այս իրավիճակը ռուսաստանցի փորձագետները բացատրում են Ադրբեջանում այսօր մեկնարկող Եվրոպական խաղերով, որոնցից հետո, նրանց համոզմամբ, չեն բացառվում լայնամասշտաբ ռազմական գործողությունները։ Դուք տեսնո՞ւմ եք հիմքեր նման պնդումների համար։

– Իսկապես, սահմաններին տիրող ներկայիս հարաբերական անդորրը մեծապես պայմանավորված է Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերով։ Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված են այս խաղերը խաղաղ մթնոլորտում անցկացնելու հարցում, ուստի սահմանափակել են իրենց սադրիչ գործողությունները։ Կարծում եմ, որ այս իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հենց ադրբեջանական կողմն է եղել սահմանին առաջացող լարվածության նախաձեռնողը։ Չի բացառվում, որ այս սպորտային միջոցառման ավարտից հետո պաշտոնական Բաքուն շարունակի իր անհեռանկար «ռազմական դիվանագիտությունը»։

Չեմ կարծում, որ գործը կհասնի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, քանի որ Արցախի Պաշտպանության բանակի և ՀՀ Զինված ուժերի մարտունակությունը շարունակում է կարևոր զսպիչ դերակատարություն ունենալ։ Ունենալով տարբեր դրդապատճառներ` ստատուս-քվոյի պահպանման հարցում շահագրգռված են նաև միջազգային ուժային կենտրոնները։

– Ականատեսն ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տարվող գործընթացի փակուղայնությանը. համանախագահները ցանկանում էին կազմակերպել նախագահական մակարդակի հանդիպում, ինչը, սակայն, չհաջողվեց, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը միայնակ տարածաշրջանային այց է կատարում և խոսում այն մասին, որ լայնամասշտաբ հակամարտությունն անհնար կդարձնի ԼՂ խնդրի բանակցված կարգավորումը։ Այսինքն` համանախագահները ևս լուրջ մտահոգություններ ունեն։ Եթե ոչ, ապա, Ձեր տպավորությամբ, ինչո՞ւ Ուորլիքը տարածաշրջան ժամանեց` առանց իր ռուսաստանցի և ֆրանսիացի գործընկերների։ 

– Ես չէի ցանկանա դրամատիկացնել իրավիճակը միայն այն պատճառով, որ դեսպան Ուորլիքը տարածաշրջան է ժամանել առանց իր ֆրանսիացի և ռուսաստանցի գործընկերների։ Մինսկի գործընթացի պատմությունից մենք կարող ենք հիշել դեպքեր, երբ տարածաշրջան են այցելել ԵԱՀԿ ՄԽ առանձին երկրների ներկայացուցիչները, կամ, երբ այդ գործընթացում «առաջին ջութակի» դերակատարությունն է ստանձնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահներից մեկը։ Չնայած Ռուսաստանի և Արևմուտքի դժվարին հարաբերություններին` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գործում են համաձայնեցված, ինչի մասին Երևանում վերջերս հայտարարեց դեսպան Ջեյմս Ուորլիքը։

– Պարոն Մայիլյան, Երևանում ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը բացահայտեց, թեև դա կանխատեսելի էր այլևս, որ Ադրբեջանն առաջարկում է ընդլայնել բանակցային ձևաչափը։ Բացառո՞ւմ եք արդյոք ձևաչափի փոփոխություն։ Չէ՞ որ անընդհատ նորանոր սահմանային սադրանքներով Ադրբեջանը կարող է ի վերջո այդ առաջարկն օրակարգ բերել, թեև այսօր ՄԽ համանախագահները բացառում են ձևաչափի փոփոխություն` պնդելով, որ խնդիրը ոչ թե ձևաչափն է, այլ քաղաքական կամքը։ 

– Ադրբեջանական կողմը վաղուց է փորձում բարձրացնել պաշտոնական Անկարայի դերը ղարաբաղաադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում` ներգրավելով Թուրքիային ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կազմում։ Հարցն այն է, որ Ադրբեջանն ի վիճակի չէ լուծել իր այդ խնդիրն առանց հակամարտության մյուս կողմերի` ՀՀ-ի և ԼՂՀ-ի հետ այդ հարցը համաձայնեցնելու։ Թուրքիայի անկեղծությանն ու չեզոքությանը չեն հավատում ո՛չ Ստեփանակերտում, ո՛չ Երևանում։

– Բաքվում Եվրոպական խաղերն են մեկնարկել, որոնց մասնակցելու նպատակով Բաքու է մեկնել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով Իլհամ Ալիևի հետ քննարկելու է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։ Ըստ էության, Բաքուն և Մոսկվան Արևմուտքի հետ հարաբերությունների տեսանկյունից նույն նավակում են հայտնվել, սա ինչպե՞ս կանդրադառնա ԼՂ հակամարտության վրա։ 

– Ղարաբաղյան թեման քննարկման առարկա է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների և Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հետ բոլոր հանդիպումների ժամանակ։ Դա բնական է։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ռուսաստանը ջանում է պահել հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Իհարկե, Ադրբեջանի և ՌԴ-ի չափազանց մերձեցումը, այդ թվում` այդ երկրի հնարավոր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, հակասում է հայկական շահերին։

Տեսանյութեր

Լրահոս