«Եվրոպական խաղերից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև լուրջ բախումներ հնարավոր են, բայց…». ռազմական փորձագետ
«Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերից հետո կփոխվի իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի հեղինակավոր ռազմական փորձագետ, սյունակագիր Պավել Ֆելգենգաուերը` անդրադառնալով Բաքվում այսօր մեկնարկած Եվրոպական խաղերից հետո ԼՂ հակամարտության գոտում սպասվելիք իրավիճակին: Ի դեպ, հիշեցնենք, որ որոշ ռուսաստանցի փորձագետներ իրենց երևանյան այցի ընթացքում, հանդիպելով լրագրողներին, չէին բացառել, որ Եվրոպական խաղերից հետո Բաքվի ձեռքերը կսանձազերծվեն, և Բաքուն լայնածավալ ռազմական գործողություններ կսկսի՝ դժգոհ լինելով բանակցային գործընթացից և ՄԽ գործունեությունից:
Նա նշեց, որ սկզբունքորեն չի կարելի բացառել Եվրոպական խաղերից հետո իրավիճակի սրում, մինչև անգամ լայնածավալ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ առավել ինտենսիվ սահմանային միջադեպեր այս հակամարտության գոտում տեղի են ունենում օգոստոս ամսին, ինչպես վերջին տարիների ընթացքում, ապա բարձր է հավանականությունը, որ կլինի նոր լարվածություն:
«Ես հակված եմ մտածել, որ կլինի լարվածություն, գուցե ավելի ինտենսիվ, քան նախկինում, սակայն պնդումը, որ լարվածությունը կարող է տեղափոխվել հակամարտության շփման ողջ գիծ, ինձ համար ակնհայտ չէ: Նման լայնամասշտաբ գործողությունների համար նախ՝ պետք է շատ լավ պատրաստվել, իսկ դա ենթադրում է նախապատրաստական աշխատանքներ` ուժերի մոբիլիզացիա, համապատասխան ուժերի տեղակայում շփման ողջ գծում: Սակայն նման գործողություններ այսօր չկան: Առավել ևս, որ նման գործողությունները թաքցնելը հեշտ չէ ու չի կարելի, կողմերը կտեսնեն իրար պատրաստվելիս, իսկ այսօր, ըստ էության, կողմերը կարծես չեն նկատում, որ հակառակորդը պատրաստվում է, այսինքն` նման նախապատրաստություններ դեռ տեղի չեն ունենում, բայց բախումներ, լուրջ բախումներ կարող են լինել, իսկ լայնամասշտաբ գործողությունները միանգամից չէ, որ տեղի են ունենում, դրա համար անհրաժեշտ է հարձակողական դիրքերը նախապատրաստել, ինչը միանգամից նկատելի կլինի հակառակորդի կողմից»,- ասաց Պավել Ֆելգենգաուերը:
Ռազմական փորձագետի դիտարկումներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: