Նազարյանը պահանջել է ՀԷՑ-ի հաստիքացուցակը, բայց չեն տվել
Այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդրի շուրջ լսումների ժամանակ ՀՅԴ խմբակության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի համոզիչ բացատությունները վստահություն չեն ներշնչում: Ըստ նրա՝ էներգետիկ համակարգը պետք է ենթարկել միջազգային աուդիտի՝ տեխնիկական, տեխնոլոգիական, որպեսզի հնարավոր լինի ապագան կանխատեսել: Նա շեշտեց, որ նման ձևով կաթվածահար է լինում ամբողջ երկիրն ու տնտեսությունը:
«Արդյոք հնարավո՞ր է հիմա մերժել հայտը, անցկացնել միջազգային փորձաքննություն, այդ թվում՝ բոլոր այն ծախսերի մասով, որ ներկայացվել է»,- հարցրեց Ա.Մինասյանը:
Նրա խոսքով՝ ի վերջո, մեղավորները պատասխանատվություն պետք է կրեն. «Ես գտնում եմ, որ կարող եք կտրուկ մերժել ու անդրադառնալ այս բոլոր հարցերին»:
Ռ.Նազարյանը նշեց, որ պետք է գտնել այն աղբյուրը, որ այսօր անհրաժեշտ է ամբողջ էներգահամակարգի անընդհատությունը ապահովելու համար: Նրա խոսքով՝ ՀԷՑ-ը վարկային շատ պարտավորություններ է կուտակել, որ անորոշություն է բերում, և ինքը չի կարող իր վրա նման պատասխանատվություն վերցնել՝ առանց որևէ ֆինանսավորման աղբյուր ցույց տալու:
Ռ.Նազարյանը նշեց, որ 2007-ից ի վեր ՀԾԿՀ-ն հրապարակում է բազաները, և ճոխության էլեմենտները «շատ էլ չենք ներգրավում» սակագնի մեջ, բայց որ ընկերությունը վարկունակ լինի և այլն, շահույթի պորտֆելը նվազեցրել է այն աստիճանի, որ մի հատ էլ բնության խնդիր է լինում է, այս ընկերությունը հայտնվում է վատ վիճակի մեջ:
Ըստ ՀԾԿՀ նախագահի, այս 6.93 դրամ բարձացումից հետո, եթե հաջորդ տարի այլ գործոններ չլինեն, այլ խնդիրներ չլինեն՝ սակագինը հնարավոր կլինի 5 դրամով նվազեցնել. «Եկեք հասկանանք՝ կլինեն՝ կլինեն, օբյեկտիվ են՝ օբյեկտիվ են»:
Նա տեղեկացրեց, որ վերջերս պահանջել են ՀԷՑ-ի հաստիքացուցակը, որ տեսնեն, թե ով ինչ աշխատավարձ է ստանում, բայց չեն տվել՝ ասում են՝ անձնական գաղտնիք է: