Բաժիններ՝

Վարուժան Ավետիսյանը հնարավոր է համարում, որ Գյումրիում իրենց առաջիկա հավաքին կլինեն այնպիսի միջադեպեր, ինչպիսիք նախորդ հավաքներին են եղել

Շաբաթ օրը՝ հունիսի 13-ին, «Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) Գյումրիի գրասենյակը պատրաստվում է Գյումրիում իրազեկման հանրահավաք անցկացնել, որի ժամանակ խոսելու են սոցիալ-տնտեսական, ինչպես նաև՝ քաղաքական խնդիրների մասին:

168.am-ը ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք մտավախություն չունե՞ն, որ Գյումրիում տեղի ունեցած նախորդ հավաքների նման, այս անգամ ևս որոշակի դեպքեր կգրանցվեն այդ հավաքի ժամանակ: Ի պատասխան մեր հարցի՝ Վ. Ավետիսյանն ասաց, որ մտածում են, որ հնարավոր է՝ նման դեպքեր լինեն, բայց չեն վախենում դրանցից:

Հիշեցնենք, որ նախկինում, երբ ՀԽ անդամները պատրաստվում էի իրազեկման ակցիա անցկացնել Գյումրիում, նրանց մուտքը որոշակի մարդկանց կողմից արգելվել էր քաղաք, իսկ Գյումրիում անցկացված նախորդ հավաքի ժամանակ ՀԽ անդամներից մեկին դանակահարել էին:

Հարցին՝ ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ եք իրականացնելու, որ էլ նման դեպքեր չգրանցվեն, Վ. Ավետիսյանը պատասխանեց, որ կարգադրիչներ են ունենում, փորձում են Ոստիկանությանը ներգրավել նրանց պարտականությունների կատարման մասով. «Երբեմն չի հաջողվում, երբեմն հաջողվում է ինչ-որ մասով»:

Հարցին՝ հաշվի առելով, որ Գյումրիում նախկինում նման դեպքեր են գրանցվել, ինչո՞ւ եք հենց Գյումրիում կրկին հանրահավաք անցկացնում, Վ. Ավետիսյանը պատասխանեց, որ իրենք չենք կազմակերպել այդ հավաքը, այլ դա Գյումրիում իրենց աջակիցների և գրասենյակի նախաձեռնությունն է:

Մենք հետաքրքրվեցինք նրանից, թե իրենցից ովքե՞ր են ներկա լինելու այդ հավաքին: Ի պատասխան՝ նա ասաց, որ իրենցից ներկա գտնվողներ կլինեն, բայց չհստակեցրեց՝ կոնկրետ ովքեր:

Նա ասաց, որ սովորական իրազեկում, քաղաքական հարցերի քննարկում է լինելու, «հատուկ, արտառոց» մի բան չի լինելու:

Հարցին էլ՝ առաջիկայում ուրիշ քաղաքներում նախատեսո՞ւմ եք ինչ-որ բողոքի ակցիաներ, հանրահավաքներ, Վ. Ավետիսյանը պատասխանեց, որ իրենք կոնկրետ հիմա նման գրաֆիկ չունեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս