Սպառնալիքներ և վիրավորական արտահայտություններ են հնչեցրել Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի գործով մեղադրյալի պաշտպանի հասցեին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ՇԴ2/0004/01/15 քրեական գործով փաստաբան Լիանա Բալյանը իրականացնում է ամբաստանյալ’ Մանվել Ինգլիզի Վարդանյանի պաշտպանությունը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242 -րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ:

2015 թվականի մայսիսի 14-ին նշանակված հերթական դատական նիստի ժամանակ փաստաբան Լիանա Բալյանը Շիրակի մարզի դատախազի տեղակալ, գործով մեղադրող’ Ա. Ավետիսյանին բացարկ է հայտնել:

Դատավոր’ Ա. Մանուկյանը, փաստաբանի միջնորդությունը քննարկելու և որոշում կայացնելու նպատակով հայտարարել է ընդմիջում և հեռացել խորհրդակցական սենյակ: Այդ ընթացքում փաստաբան Լիանա Բալյանը դուրս է եկել դատարանի դահլիճից և փորձել է գնալ դատարանի գրասենյակ, որտեղ դատավարության որոշ մասնակիցներ, անծանոթ անձանց հետ միասին հարձակվել են փաստաբանի վրա, վերջինիս նկատմամբ’ մասնագիտական պարտականությունները կատարելու կապակցությամբ սպառնալիքներ և վիրավորական արտահայտություններ հնչեցրել:
Փաստաբան Լիանա Բալյանի անվտանգությունը հնարավոր է եղել ապահովել միայն դատական կարգադրիչների միջոցով, ովքեր շրջապատելով փաստաբանին բարձրացրել են դատարանի երկրորդ հարկ:

Միջադեպի վերջին պահը նկարահանվել էր «Առավոտ» թերթի լրագրող’ Նունե Արևշատյանի կողմից: Մինչ 18:00-ն տևած դատական նիստի ողջ ընթացքում կարգադրիչներն ապահովել են փաստաբան Լիանա Բալյանի անվտանգությունը:
15.05.2015թ. նշանակված հերթական դատական նիստին փաստաբանը չի մասնակցել’ մտահոգված լինելով իր անվտանգության մասին:

Հարձակման դեպքի առթիվ և մամուլում տարածված հաղորդագրության հիման վրա’ Շիրակի Մարզի դատախազ Ր. Ասլանյանը ցուցում է տվել Գյումրու Մուշի ոստիկանության բաժնում կատարել հետաքննություն:
ՀՀ քրեական օրենսգրքի 3233-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում փաստաբանի կամ նոտարի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի համար’ կապված նրա լիազորությունների իրականացման հետ:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ’ ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից»:

ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խորը մտահոգություն հայտնելով փաստաբան Լիանա Բալյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները անարգել կատարելու իրավունքի խախտման փաստով, կոչ է անում պետական լիազոր մարմիններին կատարվածի կապակցությամբ իրականացնել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն և պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց:

ՀՀ Փաստաբանների պալատի
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով

 

Տեսանյութեր

Լրահոս