Նկարահանումների ուրախ պահերն այլևս հետ բերել չենք կարող, քանի որ ընկերս՝ Երվանդ Ենգիբարյանը, այլևս մեզ հետ չէ. Վահագն Գալստյան. Life.panorama.am
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան Վահագն Գալստյանը:
-Վահագն, վերջերս ավարտվեց «Տնփեսա» սիտքոմը, որտեղ երկու տարի նկարահանվեցիք նաև դուք, այս պահին հանգստի շրջանո՞ւմ եք:
-Ոչ, չեմ հանգստանում, շարունակում եմ ակտիվորեն աշխատել, և չնայած նոր նկարահանումներ դեռ չկան, բայց նախապատրաստական աշխատանքներ են տարվում, խոսքը վերաբերվում է շուտով նախատեսվող գեղարվեստական ֆիլմին, որի մասին շատ մանրամասնել չեմ կարող: Գուցե նոր ենթաշրջանում էլ նորից հեռուստաէկրաններին լինեմ, բացի այդ էլ, հրավեր ունեմ Ռուսաստանից՝ կապված գեղարվեստական ֆիլմի հետ. Աստված առաջ:
-«Տնփեսա» սիտքոմում դուք գլխավոր դերում չէիք, բայց հերթական անգամ կարողացաք երկրորդական դերում սիրվել և ստեղծել հետաքրքիր կոլորիտային կերպար: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք կարողանում երկրորդական դերերին նման հաջողություններ վերագրել:
-Ամբողջ կյանքում թե ընտանիքիցդ, թե ընկերներիցդ, թե առհասարակ յուրաքանչյուր շրջապատից, որտեղ հայտնվում ես, ձեռք ես բերում մեծ կյանքի փորձ: Եթե ինձ դերը դուր եկավ, եթե տվյալ աշխատանքում կա առաջխաղացում, եթե կա ինչ-որ փոփոխություն, որի արդյունքում բարձրանում է ճաշակն ու մասնագիտական փորձը, ուրեմն նման պարագաներում ես այդտեղ եմ: Կոնկրետ սպասելիք չպետք է դնես քո առաջ՝ մտածելով, թե այդ աշխատանքը քեզ փառք պետք է բերի, պետք է սիրով կատարես աշխատանքդ և հաճույք ստանաս գործիցդ ու այդ հաճույքով էլ պարուրես այն մարդկանց, ովքեր քո հանդիսատեսն են: Ես փոքր, թե մեծ դերերին շատ լուրջ եմ մոտենում:
-Դերերի առումով դուք սահմանափակումներ չունեք, Ձեզ մոտ ստացվում է և ծիծաղեցնելը, և լուրջ կերպարներով ներկայանալը:
-Այո, իմ դերերը իրենց բնույթով իրար հաջորդում են, մշտապես կոմիկ դերերին հաջորդում են դրամատիկ կերպարները և ես դրա համար շատ ուրախ եմ: Դրամատիկ դերերի շրջանակում ինձ համար շատ կարևոր ֆիլմ էր «3 ընկերը»-ը, որը հետո ավելի կարևորվեց, քանի որ տարիներ անց հասկացա, որ ֆիլմի նկարահանումների ուրախ պահերը այլևս հետ բերել չենք կարող, քանի որ ընկերս ՝ Երվանդ Ենգիբարյանը, այլևս մեզ հետ չէ: Ես սիրում եմ դրամատիկ դերեր, միաժամանակ պետք է ասեմ, որ էկրանից ուրախացնող մարդիկ հաճախ ամենատխուրը կարող են լինել: Հավատք ունեցող մարդն է միայն, որ հավատում է, որ ամեն բան լավ կլինի և փորձում է ուրախացնել մյուսներին, նա երազում է, որ հայտնվի մեկը, ով մի օր էլ իրեն ուշադրություն կդարձնի, որ կարողանա ինքն էլ ծիծաղի: Նման դերասանը պետք է մեծ ներքին ունենա, որ կարողանա լավ կոմիկ դերեր խաղա:
-Վահագն, ճիշտ ընկալեցի, դուք երջանիկ չե՞ք:
-Իհարկե, ես դժբախտ չեմ, բայց երջանկությունից օդերում էլ չեմ սավառնում: Ես նորմալ հայ քաղաքացի եմ, ով ունի իր խնդիրները, սովորական մարդ եմ:
-Ի վերջո, ո՞ր կերպարներում եք Ձեզ ավելի հարմարավետ զգում՝ դրամատիկ, թե կոմիկ:
-Բոլոր կերպարներում էլ ես ինձ հարմարավետ եմ զգում: Եթե ինձ հետաքրքրեց դերը, չեմ անդրադառնա ոչ մի բանին, այդ թվում և աշխատավարձին: Ես սխալ եմ համարում, որ ասում են՝ «դե ժողովուրդը սա է նայում», ոչ, ամեն ինչ կարելի է վերցնել ժողովրդից, բացի ճաշակից, որովհետև պետք չէ գնալ ժողովրդի ճաշակով, արվեստը պետք չէ ձգել-ձգել, և դարձնել հանրամատչելի, սա Սևակի խոսքերն են, որի հետ երկու ձեռքով համաձայն եմ և ստորագրում եմ դրա տակ: Եթե ժողովրդին լավ բան տանք, նա կպահանջի լավը:
-Ինչպիսի՞ հումոր է այսօր պահանջում հանդիսատեսը:
-Մենք ազգովի սիրում ենք հումոր ասվածը, դա գուցե մռայլ ապրելակերպի հետևանք է ու այդպես ուզում ենք ցրել այդ վիճակը, թեպետ գենն էլ իր դերն ունի, բայց այսօրվա հումորը վերածվում է «խնդցնելու» մակարդակի:
-Եթե հիմա շատ անկեղծորեն խոսեք, որակային առումով ինչպե՞ս էիք գնահատում «Տնփեսա»-ն, այն տալի՞ս էր Ձեր ցանկալի որակը:
-Ներկայիս դաշտին նայելով և հաշվի առնելով մերօրյա պայմանները՝ ես կարող եմ ասել, որ մենք աշխատել ենք 5+ ցուցանիշով: Կար հրաշալի խումբ, ինձ համար այն կայացած նախագիծ էր: Ես նախագծի վերջում էլ ասացի, որ այն ինձ հետաքրքիր էր հատկապես նրանով, որ այստեղ կար հայկական համուհոտ: Օրինակ ռուսաստանում «տնփեսա» երևույթի մասին որևէ նախագիծ չէր դիտվի, քանի որ այնտեղ բոլորը տնփեսա են, իսկ մեզ մոտ այդ երևույթը մի փոքր այլ կերպ է ընկալվում: Այս սիտքոմում բոլորն իրենց տեղում էին, ես էլ շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել ի դեմս նրանց: «Տնփեսա»-ն միակ նախագիծն է եղել, որ երբ տանն եմ եղել երեխաներիս հետ դիտել եմ, որովհետև այն իսկապես ընտանեկան ծրագիր էր: Ցավոք, այսօր հանգիստ չես կարող երեխաներին թողնել հեռուստացույցի առջև, այսօր այդ առումով չես կարող շատ վստահել հեռուստատեսություններին: Երեխան սպունգի նման է, պետք է իր ճանաչողական շրջանում շատ ուշադիր լինել, որպեսզի 10 տարի հետո պատահած վատ դեպքի ժամանակ չհասկանաս, որ թերացել ես երեխաների ուշադրության հարցում:
Հարցազրույց ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: