Սպիտակ տունը պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
ԱՄՆ-ն ու «Մեծ յոթնյակի» մյուս երկրները պատրաստ են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, երեկ հայտարարել է Սպիտակ տունը ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի ու Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն ու G7-ի մյուս երկրները պատրաստ են շարունակել ճնշումները՝ կատարելու մինսկյան պայմանավորվածությունները Ուկրաինայի արևելքում:
«Փոխնախագահը նշել է, որ ԱՄՆ-ն ու G7-ի իր դաշնակիցները պատրաստակամ են սահմանել հավելյալ լուրջ միջոցառումներ՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, եթե դա անհրաժեշտ լինի»,-ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Ավելի վաղ նոր պատժամիջոցների սահմանման մասին էր հայտարարել ԱՄՆ ֆինանսների նախարարը Ուկրաինայի իր գործընկերոջ հետ հանդիպմանը: