Վաչե Գաբրիելյանը խորհուրդ է տալիս խրտվիլակին ոչնչացնել
«Երկրում կան խնդիրներ, կա արտագաղթ, կա աղքատություն և այդ թվերը հրապարակվում են, այդ թվերի դինամիկային մենք ուշի ուշով հետևում ենք: Դրանք այն ոլորտներ են, որտեղ մենք պետք է ձեռնարկենք միջոցառումներ: Ես խոսեցի այդ մասին, նաև ասացի, որ տնտեսական աճի մասին ևս պետք է խոսել: Ես չեմ ուզում այն տպավորությունը թողնել, որ պատկերները վարդագույն են: Երբ որ ես ասում եմ, որ մենք կունենանք շատ փոքր դրական աճ, սկսում են ասել՝ գիտեք, ահավոր վատ է վիճակը: Երբ որ ասում եմ՝ աճ է լինելու, ասում են՝ էլի ամեն ինչ ներկայացրեց վարդագույն լույսով: Հիմա եկեք ճիշտը պատկերացնենք՝ մենք արդյոք ճշմարիտն ենք ասո՞ւմ, թե՞ ոչ և ի՞նչ ենք անում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ մեկնաբանելով անցած տարվա բյուջեի կատարողականի դրական գնահատականներն ու ՀՀ-ում աղքատության և գործազրկության ավելացումը:
Ըստ նրա՝ ներկայումս իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, օրինակ՝ ջրամբարաշինություն: Վ.Գաբրիելյանը խորհուրդ տվեց խրտվիլակ չսարքել և այդ խրտվիլակին ոչնչացնել. «Որևէ մեկը չի պնդում, որ լավ է, որ սրանից լավը երբեք չի եղել: Բայց միաժամանակ չենք կարող ասել, որ իրավիճակն այնպիսին է, որ մեզ մոտ ճակատագրական ու խորը ճգնաժամ է տեղի ունենում:
ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ իր և վարչապետ Հովիկ Աբրահամյանի կանխատեսումների չհամընկնումը, երբ Վ.Գաբրիելյանն այս տարի սպասում է մոտ 1% տնտեսական աճ, իսկ վարչապետի սպասելիքներն ավելի մեծ են, փոխվարչապետը բացատրեց, թե ինքը կանխատեսում է՝ ելնելով առայժմ գոյություն ունեցող միտումներից, մինչդեռ վարչապետը լի է հույսով և ձեռնարկում է բոլոր միջոցառումները, որպեսզի հատկապես տարվա երկրորդ կիսամյակում տնտեսությունն ավելի աշխուժանա. «Ես ևս աշխատում եմ այդ ուղղությամբ, սակայն աշխուժացման նախադրյալները դեռևս այս տարի անմիջական ազդեցություն ունենալու տեսակետից ես առավել զգուշավոր գնահատականներ եմ տալիս: Ես տալիս եմ զգուշավոր գնահատականներ, իրատես լինելն ու չլինելը, տարվա ամփոփումը ցույց կտա»: