Ադրբեջանում ազատազրկված Ռաուֆ Միրկադիրովի մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել
Ադրբեջանում ազատազրկված լրագրող Ռաուֆ Միրկադիրովի մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել: Այս մասին Turan գործակալությանը հայտնել է Միրկադիրովի փաստաբան Էլմար Սուլեյմանովը:
Նրա խոսքով՝ լրագրողի մոտ զարկերակային ճնշման կտրուկ տատանումներ են գրանցվում:
«Այսօր եղել եմ Ռաուֆ Միրկադիրովի մոտ: Ինքնազգացողությունը լավ չէր: Ինձ հետ հանդիպելու էին բերել բժշկի մոտից: Նրա ճնշումը կայուն չէ: Մինչ ինձ հետ հանդիպումը ճնշումը կտրուկ ընկել էր: Ինձ հետ հանդիպումից հետո նրան նորից պետք է տանեին բժշկի՝ բուժում նշանակելու համար»,-ասել է լրագրողի փաստաբանը:
Հիշեցնենք, որ «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը կալանավորվել է Բաքվում 2014 թվականի ապրիլի 19-ին՝ Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես անց: Միրկադիրովը մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու (պետական դավաճանության) մեջ: