Բաժիններ՝

«Հստակեցրու և լրջացիր, պարոն նախարար, ի վերջո, ի՞նչ ես ուզում դու». «Ալյանսի» երիտթևը՝ Երվանդ Զախարյանին

Այսօր Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի դիմաց տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության երիտասարդական թևի կազմակերպած բողոքի ակցիան՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:

Ակցիայի մասնակիցները հիմնականում պահանջում էին, որ նախարար Երվանդ Զախարյանը հիմնավորի իր այն հատարարությունը, որ ՀԷՑ-ում գողություն է տեղի ունեցել: Նրանք ակցիայի վերջում Քրեական օրենսգիրքը նվեր ուղարկեցին նախարարին: Լրագրողների հետ զրույցում կուսակցության երիտթևի խորհրդի անդամ Հարություն Մկրտչյանը պարզաբանեց, որ այս տարվա մայիսի 23-ին ասուլիսում Երվանդ Զախարյանն ասել է, որ համակարգում տեղի է ունենում գողություն և վատ կառավարում, սակայն հետո չի հիմնավորել իր այդ հայտարարությունները:

«Սա Քրեական օրենսգրքում կոնկրետ հոդվածներ է իր մեջ պարունակում: Մի քանի օր հետո նախարարը հայտարարում է, որ ինքը, «գողություն» ասելով, նկատի չուներ այն, ինչ գրված է քրեական օրենսգրքում: Այստեղ հակասություն է առաջանում, որ նախարարը չպետք է որոշի՝ դա գողությո՞ւն էր, ի վերջո, թե՞ գողություն չէր: Դրա որոշելու իրավունքը տրված է Դատախազությանը, որն իր հերթին ևս՝ այստեղ թերացել է:

Դատախազությունը նախարարի հայտարարությունը պետք է ընդուներ որպես բաց հաղորդագրություն՝ հանցագործության մասին, ընդուներ վարույթ և համապատասխան ընթացակարգով գործ հարուցեր և աշխատեր: Նախարարությունն ասում է, որ գողություն է տեղի ունեցել ՀԷՑ-ում, այսինքն՝ ՀԷՑ-ի աշխատողները գողեր են՝ ըստ նախարարի: Ես եթե դա ենթադրում եմ, ինչո՞ւ չի գործում Դատախազությունը»:

168.am-ի հարցին՝ հիմա ամենամեծ խնդիրը դա՞ է, Հ. Մկրտչյանը պատասխանեց, որ ամենամեծ խնդիրը հոսանքը չթանկացնելն է, բայց որպեսզի հետագայում ևս խնդիրներ չառաջանան, պետք է թանկացնելու պատճառը վերացվի.

«Ըստ նախարարի՝ հոսանքը թանկացնելու պատճառը գողությունն էր, որպեսզի հետագայում գողությունները շարունակական չլինեն, նախարարի խոսքի հիման վրա քրեական գործ պետք է հարուցվի, և մի քանի բաժնի պետեր, պաշտոնյաներ պատասխանատվության ենթարկվեն: Մարդիկ կարողանում են գողանալ և չպատժվել»:

Հարցին՝ իսկ Դատախազության մոտ բողոքի ակցիա չե՞ք անելու, նա պատասխանեց, որ անելու են.

«Լինելու են բողոքի ակցիաներ, մեր ակցիաները լինելու են շարունակական, հաջորդ ակցիայի մասին մենք կհայտարարենք: Անպայման լինելու է ակցիա՝ թե՛ Դատախազության առաջ, թե՛ մնացած պատկան մարմինների շենքերի առաջ, անպայման լինելու է: Ուղղակի նախարարն ասել էր՝ գողություն, ու, կոպիտ ասած, հետ էր կանգնել իր ասած «գողություն» արտահայտությունից: Հիմա մեր պահանջը հետևյալն է՝ հստակեցրու և լրջացիր, պարոն նախարար, ի վերջո, ի՞նչ ես ուզում դու»:

Նա նաև տեղեկացրեց, որ իրենք մի քանի օր առաջ հանդիպել են «Ո՛չ թալանին» նախաձեռնող խմբի անդամների հետ. «Խոսել ենք նրանց հետ, մենք սատարում ենք նրանց պայքարը, նրանք էլ իրենց մասով սատարում են մերը: Հունիսի 19-ի ակցիային մենք անպայման մասնակցելու ենք»:
Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս