Ինչպես կազդի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը սոցիալապես անապահով խավերի վրա
Լրագրողներն այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցին՝ արդյոք նախարարությունն ուսումնասիրություն ունի՞, թե ինչպես կազդի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը բնակչության, սոցիալապես անապահով խավերի վրա: Ի պատասխան Արտեմ Ասատրյանն ասաց, որ վարչապետի հանձնարարականով վերլուծություններ են իրականացնում, մասնավորապես՝ հաշվի են առնվում մեկ միջին ընտանիքի կողմից ամսական օգտագործող էլեկտրաէներգիայի չափաքանակը:
«Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ միջին ամսական մեկ ընտանիքն օգտագործում է շուրջ 200 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա: Այդ ցուցանիշները, որոնք մեզ տրամադրվել են և որոնց հիման վրա վերլուծություններ ենք անում… ձմռան ամիսների համար դա կազմում է 325 կիլավատտ/ժամ, իսկ ամռանը՝ 180, և միջինը ամսական միջին ընտանիքի համար կազմում է 200 կիլովատտ/ժամ: Եվ այս շրջանակներում, հաշվի առնելով նաև այն հնարավորությունը, որ հանձնաժողովի կողմից որոշումը կայացնելուց հետո սակագնի ավելացում տեղի կունենա, մենք ներկայումս հաշվարկում ենք այն անհրաժեշտ լրացուցիչ միջոցները, որպեսզի առաջին հերթին սոցիալապես անապահով երեխաների համար, բնականաբար, պիտի մեղմվի այդ ազդեցությունը և այս ուղղությամբ աշխատանքները ներկայումս ընթացքի մեջ են, իսկ արդեն վերջնական որոշումների պարագայում, բնականաբար, կառավարությունը կարձագանքի և համապատասխան որոշումները կներկայացնի ձեզ»,- ասաց Արտեմ Ասատրյանը: