15 մլն դրամ՝ Ջերմուկում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի համար
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը:
Դրանով նախատեսվում է Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 2015 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 15 մլն. դրամ 2015թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում տուրիզմն ունի գերակա առաջնահերթություն, տուրիզմի զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են` մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակյալ սննդի ապահովումը, վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը և այլն, տուրիզմի գոտիներում կարևորվում է նաև հիվանդությունների բռնկման և տարածման կանխարգելումը, ինչին նպաստում է նաև միջավայրում միջատների, այդ թվում մոծակների դեմ պայքարի կազմակերպումը:
«Վարակի տարածման գործում միջատները մեխանիկական կամ կենսաբանական գործոն են հանդիսանում, այսինքն մի քանի հիվանդության հարուցիչները միջատի միջոցով մեխանիկորեն փոխանցվում են, մյուս դեպքում` հարուցիչները միջատի օրգանիզմում անցնում են կենսաբանական զարգացման որոշակի փուլ՝ պայմանավորելով տվյալ հիվանդության հետագա ընթացքը:
Միջատների կենսագործունեության բնական միջավայրերը` չմշակվող արոտավայրերը, կանգնած, չհոսող ջրային միջավայրերը, օրգանական թափոնների կուտակումները, անտառածածկ վայրերը, անասնապահական նշանակության օբյեկտները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները հանդիսանում են մի շարք վարակիչ հիվանդությունների բնական օջախներ: Կարևոր խնդիրներից է նաև հանգստի ընթացքում միջատների կծող և խայթող ազդեցությունից մարդկանց մոտ ալերգեն դրսևորումների և դրանից բխող հետևանքների առաջացումը»,- նշված է հիմնավորման մեջ: