Ես միակն եմ, ով կոչ էր անում բացել հայ-թուրքական սահմանը. Իլգար Մամեդով
Ադրբեջանում ազատազրկված REAL շարժման ղեկավար Իլգար Մամեդովը շնորհավորել է Թուրքիայի բոլոր քաղաքական կուսակցություններին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների առնչությամբ, գրում է «Ազալդիգ» թերթը:
Իլգար Մամեդովը նշում է, որ Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները հիանալի ժողովրդավարական փորձ է, որը «նոր շունչ կհաղորդի Ադրբեջանի ժողովրդավարական ուժերին»:
Ընդդիմադիրը հույս է հայտնել, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները կընդլայնեն հնարավորությունները՝ կարգավորել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը՝ նշելով, որ REAL-ը 2009 թվականին միակ քաղաքական կազմակերպությունն էր, որը հանդես էր գալիս հայ-թուրքական սահմանի բացման օգտին:
«Եթե այն ժամանակ սահմանները բացվեին, Հայաստանի դիրքորոշման մեջ լուրջ փոփոխություններ տեղի կունենային, որոնք հնարավորություն կստեղծեին ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար: Հուսով եմ՝ Թուրքիայի նոր կառավարությունը ճիշտ քայլեր կձեռնարկի վերականգնելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,»-ասել է Մամեդովը: