Կաննում ավարտվեց ՄԻԴԵՄ երաժշտական փառատոնը
Կաննում ավարտվեց ՄԻԴԵՄ երաժշտական փառատոնը, որտեղ մեր երկիրը՝ եռօրյա մասնակցությամբ պատվավոր հյուրի կարգավիճակ ուներ: Հայկական պատվիրակությունը Կաննի հեղինակավոր փառատոնին մասնակցում էր երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությամբ: Հայրենիք-Սփյուք մշակութային կապերը ամրապնդելու համար երկրի նախագահը Կաննում Պատվո շքանշանով պարգևատրեց ֆրանսիաբնակ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանին, երգչուհի Ռոզի Արմենին:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ իր ելությում նշեց, որ հայկական պատվիրակությունը ՄԻԴԵՄ-ին մասնակցում է, ոչ որպես ցեղասպանության զոհ, այլ վերածնված ժողովուրդ: Փառատոնի հայկական պատվիրակությանն իր ներկայությամբ պատվեցին աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, Ալան Թերզյանը, Ալեքսանդր Սիրանոսյանը: Քաղաքի գլխավոր պողոտան փառատոնի մեկնարկից ներկայանում էր հայկական եռագույնի պաստառներով, փառատոնային կենտրոնի գլխավոր մուտքն ազդարարում էր Ցեղասպանության 100–ամյա տարելիցը խորհրդանշող անմոռուկներով: Փառատոնի մեկնարկից մինչ ավարտը հայաստանյան պատվիրակության անդամները գործնական մի շարք հանդիպումներ ունեցան երաժշտական աշխարհում ամենահեղինակավոր կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ:
Փառատոնը նշանավորվեց նաև մեր մշակույթի տարածման համար կարևոր մի շարք գործնական պայմանավորվածությունների ձեռքբերմամբ, համատեղ նոր ծրագրերի ու նախագծերի ամրագրմամբ: Փառատոնի գլխավոր հյուր հանդիսացող մեր երկիրը Կաննին ներկայացավ ազգային, դասական եւ ջազային հնչյուններով, այդ թվում՝ Վահագն Հայրապետյան և Կատուներ, Հովեր, Միքայել Ոսկանյան և ընկերներ, Դորինաս, Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախումբ, Նարեկ Հախնազարյան և այլն: Հայաստանը փառատոնին ներկայացավ նաեւ հայկական տաղավարով, որտեղ ցուցադրված էին երաժշտական ժառանգության գրավոր նմուշներ:
Փառատոնի եռօրյա այցելության ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը Կաննի քաղաքապետ Դավիդ Լիսնառի, արարողությանը հրավիրված պաշտոնատար այլ անձանց և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի և հանուն Ֆրանսիայի զոհված հայորդիների հիշատակին՝ ծաղկեպսակներ դնելով զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: