Սեյրան Օհանյանը՝ ՀՀ նախագահ դառնալու մասին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու իր կինը դիմել են համապատասխան մարմիներին, այդ թվում՝ դատախազությանը, աղմկահարույց հրապարակումների հեղինակներին բացահայտելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ս.Օհանյանը՝ իր և իր կնոջ մասին հրապարակումները անվանելով իրականությանը չհամապատասխանող:
«Ես նման դեպքերում զգացմունքներին չեմ տրվում, ինչպես և պատերազմում ես սառնասիրտ եմ գործում, և այս դեպքում էլ»,- ասաց Ս.Օհանյանը:
Նա հայտարարեց, որ տեղյակ չէ, որ դատարանում լրատվամիջոցի շահերը պետք է պաշտպանի Միքայել Մինասյանի եղբորը պատկանող AM իրավաբանական գրասենյակը:
Ս.Օհանյանը չմեկնաբանեց շրջանառվող լուրերը, որ ինքը ՀՀ նախագահի պաշտոնում փոխարինելու է Սերժ Սարգսյանին: Նախարարը խորհուրդ տվեց ապրել այսօրվա իրականությամբ՝ հավելելով, որ հպարտ է այսօր զբաղեցրած իր պաշտոնով և իր ուսերի վրա դրված է չափազանց մեծ պատասխանատվություն: